Բուլղարիան կողմ է Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացմանը


23:20 , 18 հունիս, 2016

Բուլղարիան աջակցում է Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովը՝ փոխանցում է TASS-ը:

«Բուլղարիան միշտ կողմնակից է եղել Սև ծովում ներկայության ուժեղացման գաղափարին և զորավարժությունների անցկացմանը՝ ՆԱՏՕ-ի դրոշի ներքո: Սակայն մենք մեզ վրա պարտավորություն չենք վերցրել՝ մասնակցելու տարածաշրջանային ինչ-որ ձևաչափերի»,- ասել է նա:

Միտովի խոսքով՝ Ուկրաինայի դեպքերից հետո «ռազմավարական և քաղաքական միջավայրը կտրուկ փոխվել է»:

«ՆԱՏՕ-ն որպես պաշտպանական միություն ունի իր պարտավորությունները՝ զսպելու մյուս կողմի ուժերը»,- նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը Սև ծովի ջրերում ունի «լուրջ սպառազինություն»: Արտգործնախարարը ենթադրել է, որ Սև ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության մասին որոշումը կընդունվի Վարշավայում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում: