Apple ընկերության Նոր iPad-ն ունի գերտաքացման խնդիր


16:28 , 20 մարտ, 2012

3DNews ՏՏ Լրատվական - iPad պլանշետային համակարգչի նոր մոդելում տեղադրված մարտկոցը կարող է հանգեցնել սարքի գերտաքացման: CNET ՏՏ Լրատվականը, հղում անելով Apple ընկերության ֆորումներին, հաղորդում է, որ օգտագործողները բողոքում են համակարգչի ձախ անկյունի գերտաքացումից: 

Որոշ օգտագործողներ նշում են, որ iPad պլանշետն այնքան է տաքանում, որ անհնար է դառնում այն ձեռքում պահել: Գերտաքանալիս՝ պլանշետները սովորաբար ավտոմատ կերպով անջատվում են: Ինչպես այլ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերը, այնպես էլ iPad-ը չունի սառեցման համակարգ: 

Գերտաքացման խնդիր առաջացել է նաև iPad պլանշետի նախորդ մոդելներում, սակայն նոր սերնդի տարբերակում խնդիրն ավելի լուրջ է, սարքի ավելի հզոր մարտկոցի պատճառով, քան նախորդ սերնդի պլանշետներում: Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել իրենց պլանշետի գերտաքանալու խնդիրը: