ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Շպիցբերգեն արկտիկական արշիպելագ


16:19 , 16 հունիս, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Բյորգե Բրենդեի ուղեկցությամբ առավոտյան ժամանել է նորվեգական Շպիցբերգեն արկտիկական արշիպելագ՝ հանդիպելու կլիմայաբան-գիտնականների հետ և անձամբ գնահատելու գլոբալ տաքացման հետևանքներն Արկտիկայում: Այս մասին հայտնում է Նորվեգիայի հեռագրային բյուրոն:

«Մենք կատարում ենք այս ուղևորությունը՝ ավելին իմանալու հրաշալի աշխատանքի մասին, որն անում են մեր գիտնականները՝ մեզ օգնելու համար ավելի լավ հասկանալ, թե ինչ հետևանքներ կունենան բոլորիս համար (կլիմայական) փոփոխությունները բևեռային շրջաններում»,- հայտարարել է Քերին նախօրեին Օսլոյում:

Քերին և Բրենդեն կայցելեն նորվեգական Լոնգյիր՝ արշիպելագի խոշորագույն բնակավայրը, նաև Արևմտյան Շպիցբերգեն կղզու հյուսիսարևմտյան Նյու Օլեսուն գիտահետազոտական կենտրոն: Ուրբաթ Քերին կուղևորվի Գրենլանդիա կղզի՝ այն բանից հետո, երբ երեկոյան այցելի Կոպենհագեն և հանդիպի Դանիայի կառավարության ղեկավարի և ԱԳՆ ղեկավարի հետ:

Չորեքշաբթի Քերին և Նորվեգիայի կլիմայի ու շրջակա միջավայրի հարցերով նախարար Վիդար Հելգեսենը համատեղ հայտարարություն են ստորագրել Երկրի կլիմայի տաքացման դեմ պայքարում, նաև արևադարձային անտառների պահպանման գործում երկու պետությունների համագործակցության ընդլայնման մասին: