Ինչ է փոխվելու դատական համակարգում. կառավարությունն ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը


15:18 , 16 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցն ու հարակից օրենքների նախագծերը: 

«Մինչ այս պահը քաղաքացիների համար կոնկրետ խնդիր է եղել այն, որ Վերաքննիչ դատարանն իր սխալները ուղղելու հնարավորությունից զրկված է եղել: Այս հարցն էլ է լուծվել: Այս նախագծերով կարգավորումները շատ են»,-նոր օրենսգիրքը ներկայացնելով՝ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ նախագծերով առանցքային փոփոխություններ են կատարվելու դատական համակարգում: Մասնավորապես, նախատեսվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և կոռուպցիոն ռիսկերը: Կառավարությունն այս փոփոխությունները հիմնավորում է նրանով, որ 1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թեև ընդունման պահին բավական առաջադիմական էր, սակայն դրանով  հանդերձ զերծ չէր նաև թերություններից, որոնց մի մասը առկա էին օրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում:

«Մասնավորապես, ընդունման պահից օրենսգրքում նախատեսված են մի շարք ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ամբողջ ընթացքում կամ չստացան իրական պրակտիկ կիրառում, կամ չապացուցեցին իրենց արդյունավետությունը: Ավելին, ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում մի շարք դատավարական իրավունքներ՝ անձի հարցաքննության առանձնահատկություններ, իրավական որոշակիության սկզբունքի ներդրում և այլն, ևս անհրաժեշտություն են  առաջացնում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում համապատասխան իրավակարգավորումներում փոփոխություններ և լրացումներ կատարել»,- ասաց նախարարը:

Միաժամանակ, վերջին հինգ տարվա ընթացքում Վճռաբեկ դատարանն ընդունեց օրենքի միատեսակ կիրառման ապահովմանն ուղղված բազմաթիվ որոշումներ՝ տալով օրենսգրքի տարբեր դրույթների մեկնաբանություններ` ուղղված իրավակիրառ պրակտիկայի կարգավորմանը։ Նշված որոշումներն ընդգծեցին օրենսգրքի որոշ կարևոր դրույթների անկատարությունը և թերի լինելը: Այդ ամենը հանգեցրեց առաջին ատյանի դատարաններում և վերաքննիչ դատարաններում ոչ միատեսակ պրակտիկայի, որի պայմաններում նույնանման փաստական հանգամանքների վերաբերյալ ընդունվում էին տարբեր որոշումներ, ինչը խարխլում էր իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը:

Բացի այդ, ըստ նախարարի, գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ