14:40 , 16 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը», որով նախատեսվում է տրամադրել 14 մլն 600 հազ. եվրո գումարի չափով վարկ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նկատեց, թե ցավալի զգացողություններ է ունենում ամեն անգամ Գյումրիում գտնվելիս: Ըստ նրա՝ Հայաստանի երկրորդ քաղաքի փողոցների վիճակը կատաստրոֆիկ է:
«Թեթև ատլետիկայի չեմպիոն պետք է լինել Գյումրիի փողոցներով անվնաս անցնելու համար: Ուղղակի անտանելի է, և այնպիսի անտանելի վիճակ, ինչպիսին Գյումրիի փողոցներում է, որևէ այլ վայրում հնարավոր չէ հանդիպել»,-ասաց նա:
Ըստ նրա՝ հասկանալի է նաև այն, որ վարկային պայմանագրով հնարավոր էլ չէ բոլոր խնդիրներին համակարգային լուծումներ տալ:
«Մենք բոլորս վերապահումներով ենք մոտենում ցանկացած վարկի ու վարկ բառը մեզ մոտ սրբազան սարսուռ է առաջացնում, սակայն, դա այդ դեպքը չէ։ Մենք բոլորս էլ ուզում ենք, որ Գյումրիում վիճակը բարելավի»,-ասաց Զոհրաբյանը և հայտարարեց, թե ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրին:
«Կան բացառություններ, և սա այդ բացառություններից է, որ Գյումրին վերածնվի՝ վերականգնվեն ենթակառուցվածքներն ու խայտառակ փողոցները: Կան փողոցներ, որտեղ այնպիսի ցեխ է, որ պետք է ռեզինե կոշիկներ ունենաս, որ կարողանաս Ա կետից Բ կետ հասնել»,- ասաց Զոհրաբյանը: