Կառավարությունը հաստատեց ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը


14:34 , 16 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծին և հարակից օրենքների փաթեթին: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նոր օրենսգրքի ընդունումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

«Իհարկե, գործող օրենսգիրքն իր ընդունման պահին համակարգված միասնական ակտ էր, որը կարգավորում էր լայն բնույթի հարաբերեւթյուններ, սակայն այն զերծ չէր մի շարք թերություններից, որոնք առկա էին ընդունման պահին, մյուսներն ի հայտ եկան գործնական կիրառության ընթացքում: Օրինակ` արագացված դատաքննությունը, որն ի սկզբանե լայն տարածում չստացավ, ինչպես նաև իրենց ոչ արդյունավետ կիրառությունն ապացուցեցին դատական ծախսերի, դատական ծանուցումների ընթակարգերը»,- նշեց նախարարը:

Նոր նախագծի ներկայացումը, ըստ Արփինե Հովհաննիսյանի, պայմանավորված է ՀՀ նախագահի` 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող միջոցառումների ցանկով, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման միջոցառումներով: Բացի այդ, ազդեցություն են ունեցել նաև Սահմանադրական բարեփոխումները, որտեղ մի շարք դատական կարգավորումներ են նախատեսվել:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի առաջնային ուղղվածություններից մեկը նախնական դատական նիստի նշանակության բարձրացումն է, ինչը նշանակում է օրենսդրորեն հստակ սահմանել դատարանի լիազորությունները և այդ լիազորությունների իրականացման հաջորդականությունը՝ թույլ չտալով կամայականությունների լայնածավալ դրսևորումներին: Ըստ նրա՝ նախնական դատական նիստի ընթացքում հիմնական խնդիրը պետք է լինի ապացույցների հավաքումն ու ապացուցման դերի բաշխումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ