Քառօրյա պատերազմում Ադրբեջանի գործողությունների մասին պետք է ունենանք վերջնական զեկույց. Արցախի ՄԻՊ


14:12 , 16 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների ընկալումն Արցախում շատ ավելի ադեկվատ է, քան այլ երկրներում. «Արարատ» հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդմանը խոսելով իր պաշտոնավարման 40 օրվա արդյունքների ու իր արած վերլուծությունների  մասին՝ ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշել է՝ Արցախն առանձնահատուկ երկիր է մարդու իրավունքների պաշտպանության առումով, քանի որ գտնվում է պատերազմական վիճակում, և օբյեկտիվորեն հիմքեր են առաջանում որոշ իրավունքների սահմանափակման համար:

Հարցազրույցում Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է նաև քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից մարդու իրավունքների թույլ տրված խախտումներին: ԼՂՀ ՄԻՊ–ը տեղեկացրել է, որ այդ մասին զեկույց էր պատրաստել նաև Արցախի առաջին ՄԻՊ-ը՝ Յուրի Հայրապետյանը։

«Այդ փաստաթղթում խոսվում էր ոչ միայն արցախյան բնակչության կարգավիճակի, նրա նկատմամբ իրականացված գործողությունների, նաև՝ ադրբեջանական բնակչության մասին. ի խախտումն Ժնևյան կոնվենցիաների ադրբեջանական զինված ուժերը  տեղակայվել էին բնակելի տարածքներից անթույլրատրելի հեռավորություն վրա»,- ասել է նա։

Արցախի ներկայիս ՄԻՊ-ը նշել է, որ շարունակելու է նախկինի գիծը, և եղած փաստաթղթի հիման վրա՝ վերջնական տեսքի բերելով փաստերը՝ կազմելու է նոր զեկույց. «Մենք պետք է ունենանք վերջնական զեկույց այդ մասին, նաև՝ այլ հավելյալ զեկույցներ»:

Նրա խոսքով՝ քառօրյա պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների մասին միջազգային հանրությանը պետք է տեղեկացնել բարձրաձայնելով և փաստերը գրագետ ցույց տալով:

«Մեկ բան է, որ դու խոսում ես հրապարակախոսական մակարդակում, մեկ այլ բան է, երբ դու իրավական հիմքեր ես դնում քո ներկայացրած պնդումներին»,- ասել նա:

Հարցին, թե արդյոք չճանաչված պետություն Արցախը կարո՞ղ է փոխհարաբերություններ ունենալ այլ երկրների հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցում, Ռուբեն Մելիքյանը պատասխանել է, որ Արցախն այժմ էլ այլ պետությունների հետ համագործակցում է:

«Մարդու իրավունքներն ունիվերսալ երևույթ են, չեն կարող մեկի համար լինել, մյուսի համար՝ չլինել: Ժամանակակից քաղաքակրթությունում անընդունելի է: Այնտեղ ապրում են մարդիկ, այդ մարդիկ են, որոնք դեռևս Խորհրդային երկրում ինքնորոշման ջահը բարձրացրին: Արցախի Հանրապետությունը գործում է արդեն 25 տարի, պետք է հարգել այդ մարդկանց իրավունքը, եթե անգամ ոչ ինքնորոշման, ապա մյուս՝ ֆունդամենտալ իրավունքները: Թեև ես վստահ եմ, որ մարդկանց հիմնարար իրավունքների հիմքում հենց ինքնորոշման իրավունքն է ընկած»,– ասել է նա: