13:38 , 16 հունիս, 2016
Armsport.am-ը գրում է.
Անգլիա - Ուելս
C խումբ, 2-րդ տուր
Լանս, «Ֆելիկս Բոլար Դելիս» մարզադաշտ, ժամը՝ 17:00
գլխ. մրցավար` Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
բուքմեյրներ` 1.53 - 4.36 - 7.8
Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի B խմբի շրջանակում մրցելու են Անգլիայի և Ուելսի հավաքականները:
Անգլիան և Ուելսը մինչ օրս միմյանց հետ 101 հանդիպում են անցկացրել: Դրանցից 93-ը եղել են Բրիտանիայի Գավաթի շրջանակում կամ կրել են ընկերական բնույթ: Անգլիան հաղթել է 66 անգամ, 21 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 14 անգամ առավելության հասել Ուելսը:
Ինչ վերաբերում է պաշտոնական խաղերին (Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլեր), ապա այսօրվա մրցակիցների միջև կայացել է 8 հանդիպում, որոնցից 7-ն ավարտվել է «երեք առյուծների» հաղթանակով, իսկ մեկ մրցավեճում խաղաղ ելք է գրանցվել: Հատկանշական է, որ վերջին անգամ «վիշապներն» անգլիացիներին հաղթել են 1984 թվականին:
Անգլիան Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց Ռուսաստանի հետ ոչ-ոքիով, երբ 1:0 հաշվով առավելություն ունենալիս մրցակցին թույլ տվեց ավելացված ժամանակում խուսափել պարտությունից: Ուելսն ինչ-որ չափով անսպասելիորեն առաջին տուրից հետո գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, քանի որ հաղթել էր Սլովակիային (2:1), սակայն երկրորդ տուրի մեկնարկային խաղում սլովակները 2:1 հաշվով առավելության հասան ռուսների նկատմամբ և 3 միավորով հավասարվեցին Ուելսին:
Հաշվի առնելով Ուելսի ու Սլովակիայի տոնած հաղթանակները՝ Անգլիային միմիայն 3 միավոր է անհրաժեշտ առաջիկա մրցավեճում, այլապես Ռոյ Հոջսոնի սաները կհայտնվեն փլեյ-օֆֆ չմտնելու լուրջ ռիսկի տակ:
Անգլիայի հեղինակավոր վերլուծաբանները Ռուսաստանի դեմ խաղը քննարկելիս մեծամասամբ եկան այն կարծքին, որ Հոջսոնի թիմն ընդհանուր առմամբ արժանի ելույթ ունեցավ, սակայն խաղավերջում բաց թողած գոլը կասկածի տակ դրեց փարձառու մասնագետի մի քանի որոշումներ: Մասնավորապես, դժգոհություն առաջացավ այն պատճառով, որ այդպես էլ խաղաժամանակ չստացավ հարձակվող Ջեյմի Վարդին, կրկին վատ տոնով հիշեցին, որ թիմի անկյունայիններն իրացնում է բարձրահասակ և գլխով հիասքանչ խաղացող Հարի Քեյնը, իսկ Ռահիմ Սթերլինգի խաղի մասին ոչ ոք առանձնապես տպավորված չէր: Այժմ ամենաքննարկվող թեման այն է, թե արդյո՞ք Հոջսոնը կորոշի Ուելսի դեմ կարևորագույն մրցավեճի հենց սկզբից (Սթերլինգի փոխարեն) ասպարեզ դուրս բերել Վարդիին, թե՞ կսպասի իրադարձությունների ընթացքին: Մնացած դիրքերում փոփոխություններ չեն սպասվում:
Ուելսի մեկնարկային կազմում փոփոխությունները քիչ հավանական են: Քրիս Կոուլմենի սաները Սլովակիայի դեմ հիանալի հանդիպում անցկացրեցին: Ավելին, «վիշապները» նույնիսկ հետագա որակազրկումից խուսափելու մտավախություն չունեն, որովհետև նախորդ խաղում նրանց թիմի որևէ ֆուտբոլիստ զգուշացում չի ստացել: