Այսպիսին պիտի լինի իսկական սիրող կինը


13:07 , 16 հունիս, 2016

Կոնոր Մակ Գրեգոր՝ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն՝ UFC  վարկածով: Նա աշխարհի ամենահարուստ  ու պահանջված մարզիկներից մեկն է, որի ֆինանսական կարողություններն իրոք ներշնչող են: Սակայն իր ամենամեծ հարստությունը նա համարում է իր կնոջը: Նրանց կյանքի պատմությունը ընթերցելուց հետո հասկանում ես, որ սերը հրաշքներ է գործում:

«Մենք միասին ենք արդեն 8 տարի: Մեր հարաբերությունների սկզբում մենք ապրում էինք Իռլանդիայում՝ Դուբլինից 30 կմ հեռավորության վրա:

Ապրում էինք վարձած բնակարանում ու գոյատևում էինք ընդամենը պետության կողմից մեզ հատկացված գործազրկության չնչին նպաստով: Ես չէի աշխատում, որովհետև իմ ամբողջ ժամանակը ես անցկացնում էի մարզասրահներում. ես ունեի նպատակ՝ դառնալ չեմպիոն:Ես հավատում էի դրան,  իսկ նա հավատում էր ինձ:

 Ու չնայած, որ մեր գումարները չնչին էին, նա միշտ ջանում էր, որ ես առողջ սննդակարգ ունենամ: Նա իր ողջ օրը ինձ էր նվիրում՝ առավոտից երեկո մտածում էր իմ առողջության, հանգստի ու ճաշացանկի մասին: Նա իր կյանքը ինձ էր նվիրել, ապրում էր ինձ համար: Նա գիշերները չէր քնում, իմ նախաճաշը, ճաշն ու ընթրիքն էր պատրաստում, իսկ հետո մենք այդ ամենը տեղավորում էինք մեր փոքրիկ պայուսակ-սառցարանի մեջ ու գնում մարզասրահ: Իմ ամեն մի հաջողությունը, ամեն նոր ցուցանիշը նա ապրում էր  որպես անձնական ձեռքբերում: Ես մարզվում էի ֆիզիկապես, իսկ նա կոփում էր իմ կամքը: Նա միշտ ինձ ասում էր. «Կոնոր, ես գիտեմ՝ դու կարող ես»:

 Այսօր ես միլիոններ եմ վաստակում: Իմ մենամարտերը հազարավոր երկրպագուների են բերում մարզադահլիճ: Այսօր ես ունեմ հնարավորություն նրա համար գնել ամենաշքեղ մեքենաներն ու հագուստը: Բայց դա ոչինչ է, դա ոչ մի կերպ չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ ինքն է ժամանակին ինձ տվել, որովհետև նա ինձ իր կյանքն է նվիրել, սեփական կյանքը նա ինձ համար է ապրել: Եվ ինչպես հին ու բարի ժամանակներում, այսօր ևս նա իմ կողքին է ամեն քայլափոխի՝ իր թարմ, սննդարար ու առողջ ուտելիքով լի պայուսակ-սառցարանը ձեռքին»: