Վեճ ԱԺ-ում. Բագրատյանին լռեցնելու համար օգնության հասան պատգամավորները


12:24 , 16 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում վեճի առիթ դարձավ:  

Վարման կարգով խոսեց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նշեց, թե նման նախագիծ բերում են, քանի որ Հայաստանի տնտեսական և սոցիալական պատմությունը չգիտեն: Նա նշեց, թե սա Եվրոպա չէ:

«Նույնիսկ եթե 10 մարդ լինի, գյուղը պետք է պահել, դա ստրատեգիական կարևոր կետ է, չի կարելի երկու կոպեկի համար նման բան անեն»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքից: Բագրատյանի նյարդերը տեղի տվեցին: Նա տեղից գոռգոռաց ՀՀԿ-ական պատգամավորի վրա: Այվազյանը պահանջում էր հանգստանալ։ «Հանգիստ նստի տեղդ, վունդերքինդ...այ քեզի բան...»,-մի քանի անգամ պահանջեց Այվազյանը:

Բագրատյանը չէր լռում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս կոչ էր անում լռել: Բայց Բագրատյանն արդեն կանգնել էր և փորձում էր մոտենալ Այվազյանին: Խաչատուր Քոքոբելյանը հասավ օգնության՝ Բագրատյանին հանգստացնելու: Պատգամավորները արդեն փորձեցին միջամտել՝ վեճը կանխելու համար: Գալուստ Սահակյանը կրկին պահանջեց. «Բոլորդ ձեր տեղերում նստեք: Պարո՛ն Բագրատյան, նստեք ձեր տեղում»: 

ԱԺ-ն անցել էր հաջորդ հարցի քննարկմանը, բայց պատգամավորների պարզաբանումները շարունակվում էին, որոնք լսելի չէին:

«Կամ ազատեք նիստերի դահլիճը, կամ Ձեզ պահեք պատգամավորի պես»,-պահանջեց Սահակյանը: