05:39 , 16 հունիս, 2016
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է մեղմել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ իր կոշտ դիրքորոշումը։
Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։ Վերջինիս հաղորդմամբ՝ Էրդողանի դիրքորոշման համար նման փոփոխության պատճառ կարող է դառնալ այն, որ նա ձգտում է Սիրիայի հյուսիսում կանխել քրդական տարածաշրջանի հիմնումը։
Այդ հարցում համընկնում են Էրդողանի ու Ասադի դիրքորոշումները։ Ընդգծվում է, որ Ահմեդ Դավութօղլուի վարած արտաքին քաղաքականության հետևանքով Թուրքիան հայտնվել է բարդ դրության մեջ, իսկ նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է նվազեցնել թշնամիների թիվը և ավելացնել բարեկամների թիվը։ Թուրքիան արդեն իսկ մոտ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը և ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։