Հարկային օրենսգիրք գրողները փաստաթղթին նայել են միայն պետական շահերից ելնելով. Արագած Ախոյան


19:29 , 15 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հարկային նոր օրենսգրքի նախագծին: Նա կարծում է, որ նոր Հարկային օրենսգրքի պահանջը թեև միանշանակ կար, սակայն չեն կարող աչք փակել նրա վրա, թե ինչպիսի տեսքով է նախագիծը եկել Ազգային ժողով:

Արագած Ախոյանը նշեց, որ պատգամավորները, գործարարները հսկայածավալ օրենսգիրքը մանրադիտակով կարդացել են, վերհանել են մտահոգող հարցերը և աշխատանքի  բաժանում են արել և օրինակ՝ ինքն ուսումնասիրել է միայն շինարարական ոլորտին առնչվող հարցերը և դրանք բարձրաձայնել: Ըստ նրա՝ ներկայացված տարբերակը բավական թերի է:

Պատգամավորը դրական համարեց, որ ի վերջո եկան համաձայնության, որ պետք է վերանայվի, վերահսկվի նախագիծը և երկրորդ ընթերցման ժամանակ անթերի ներկայացվի: Հարցին, թե ըստ նրա՝ ինչ խնդիր էր լուծում կառավարությունը, ներկայացնելով այդ տեսքով նախագիծ, պատգամավորն ասաց. «Ինձ թվում է՝ այստեղ մի բան է տեղի ունեցել. Հարկային օրենսգիրք գրողները նայել են միայն պետական շահերից ելնելով, այսինքն՝ հարցին նայել են միայն նկարի տեսքով, մինչդեռ, պետք է նայեին քանդակի տեսքով՝ հարցը տարբեր տեղերից ուսումնասիրեին, և այդ հարցում կարող ենք օգնել մենք՝ ոլորտին տիրապետելով»:

Արագած Ախոյանն ասաց, որ միասին քննարկելով կստանան իդեալական Հարկային օրենսգիրք, և չկա մեկը, ով համարձակ իր դժգոհությունը չարտահայտի:

Պատգամավորը կարծում է, որ եթե այս տեսքով ընդունվի օրենսգիրքը, ապա կբերի կոռուպցիոն ռիսկերի ավելացման: Նա նկատեց, որ տեսուչները, երբ գնում են ստուգումների, ամենավատն են տեսնում և կիրառում են ամենադաժան մեխանիզմները: «Առանց այն էլ դժգոհություններ կան բյուրոկրատական վարչարարական մեխանիզմներից և մեկ էլ ավելանում է մի օրենսգիրք, որը, կարծեք, Ճապոնիայի համար գրած լինեն»,-եզրափակեց նա: