16:52 , 15 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած աղմկահարույց նամակի պատճառով Հայաստանի ու սփյուռքի հասարակության քննադատության թիրախում հայտնված Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ժամանում է Հայաստան, մասնակցելու Գերագույն հոգևոր ժողովի նիստերին: Այս մասին հաղորդել է Պատրիարքարանի կայքը:
Այսօր Աթեշյանը մեկնում է Մոսկվա, որից հետո կժամանի Երևան և ներկա կգտնի նաև Հռոմի պապի, Հայաստան այցելության միջոցառումներին:
Նշենք, որ չնայած Հայաստանում և Սփյուռքում ձևավորված հասարակական պահանջին՝ հետ կանչել Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին գրած նամակի պատճառով, Մայր Աթոռը չի շտապում արձագանքել դրան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը միայն լրատվամիջոցներին հայտարարել է, թե «Գործ ունենք Թուրքիայի հետ ու չպետք է բացառենք հարկադրանքի պարագան»:
Այսօր Tert.am-ի հարցին, թե Գերագույն ժողովի ժամանակ և Աթեշյանի հայաստանյան հանդիպումներում քննարկվելո՞ւ է նամակի հարցը և հնարավո՞ր է պատժամիջոցներ կիրառվեն Աթեշյանի դեմ, Տեր Վահրամը քահանա Մելիքյանը պատասխանեց. «Քանի դեռ Գերագույն հոգևոր խորհուրդը չի եղել, ես չեմ կարող ինչ-որ բան ասել: Ես վստահ եմ, որ նյութը կարծարվի, սակայն ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով կարծարծվի, ինչպիսի՞ հետևանքներ կլինեն, այս պահին չեմ կարող որևէ ենթադրություն կատարել»։
Ըստ Տեր Վահրամի, Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգը դեռ հայտնի չէ, սակայն ինքը ենթադրում է, որ կաթողիկոսի հետ քննարկում կլինի:
Հիշեցնենք, որ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: Ընդ որում՝ նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ այդ բանաձևի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի և Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը:
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ Աթեշյանն իր համար «պարոն է և պարոն Աթեշյանը» Հայաստանում չակերտավոր ընդունելության պետք է արժանանա:
Այսօր պատգամավորը Tert.am–ի հետ զրույցում ասաց. «Ես արդեն ունեմ տեղեկություն, որ ինչ–որ բան տեղի է ունենալու կապված իր այցելության հետ որոշ շրջանակների կողմից, և՛ ուսանողությունը, և՛ քաղաքական որոշ գործիչներ»։
Պատգամավորը խորհուրդ է տալիս Աթեշյանին չգալ Հայաստան: «Հատկապես, երբ Հռոմի պապն է գալիս Հայաստան, նրա այցը ցանկալի չէ»,- ասաց Ախոյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը այլ կարծիք ունի Պոլսո Պատրիարքին դիմավորելու առթիվ: «Հասարակությունը պիտի շան տեղ չդնի Աթեշյանին: Աթեշյանը ո՞վ դարձավ, որ Հայաստանի ժողովուրդը հիմա էլ գնա, բողոքի մի անձի դեմ, որը առաջին անգամ չի, երկրորդ անգամ չի, երրորդ անգամ չի նմանատիպ բան անում, ես չեմ կարծում, որ Աթեշյանն էն մարդն է, որի համար պետք է վազել փողոց: Մամուլով ասվել է վերաբերմունքը, արժևորել պետք չի»,-ասաց Խառատյանը:
Ազգագարգետի խոսքով՝ անընդունելի է Հայ Առաքելական եկեղեցու պահվածքը: «Եկեղեցու ներկայացուցիչները պնդում են, թե նրան հարկադրել են, ինչը նշանակում է, որ եկեղեցու սպասավորները անընդհատ հարկադրանքը ընդունում են որպես ցուցում և գործում են հարկադրանքով, ոչ թե քրիստոնեական նորմով, իրենց խղճով և իրենց ժողովրդի կարիքներով: Եկեղեցուն ինչպես միշտ հայ ժողովրդի գլխավոր խնդիրները չեն վերաբերվում»,– ասաց նա