15:26 , 15 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Բավականին դժվար ժամանակներում ենք, պատերազմը աչքներիս առաջ, ֆինանսական պրոբլեմները, որոնք կան աշխարհում, բայց ուրախ ենք, որ նման պայմաններում ուշադրություն կա «Ոսկե ծիրան»-ի նկատմամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը, որի շրջանակներում առաջին անգամ կներկայացվեն դանիական ու բասկական ֆիլմեր, կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը՝ նվիրված անկախության տարիներին ստեղծված հայ կինոարվեստին:
Հարություն Խաչատրյանը նշեց, որ «Ոսկե ծիրանն» ունի համաշխարհային կարևորություն և այս տարի նվիրված է անկախության 25 ամյակին:
«Միջազգային լավագույն ֆիլմերը բերված են Հայաստան: Միջազգային կինոն, ինչպես դանիական, բասկական կինոն, այս տարի մեր ֆոկուսի մեջ են: Կլինեն հոբելյանական երեկոներ, պրեմիերաներում կլինեն՝ Կաննից, Բեռլինից, Վենետիկից բերված ֆիլմեր»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով՝ կինոփառատոնը բացվելու է հայկական «Զարեհ» անվամբ ֆիլմով, որը նվիրված է քրդերին ու եզդիներին:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն էլ նշեց, որ ամեն տարվա պես ծրագրերը բազմազան են: Մրցութային ծրագրերը, ըստ նրա, անփոփոխ են, իսկ արտամրցութային ֆիլմերը, որոնք նպատակ ունեն ծանոթացնելու հայերին մյուս երկրների մշակույթների հետ, այս տարի կներկայացնեն բասկերի ու դանիացիների կինոն: Բացի այդ, փառատոնի շրջանակներում լինելու է ֆրանսիական ու գերմանական կինոյի օր:
Փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանի խոսքով էլ անկախության 25-ամյակի տարում իրենք սևեռվում են հայկական կինոարվեստին:
Թե ովքեր կլինեն այս տարվա հատուկ հյուրերը՝ դերասաններից, ռեժիսորներից, փառատոնի կազմակերպիչները հրաժարվեցին մանրամասներ հայտնել, ասացին, թե դեռ վաղ է, դա ամեն տարվա պես անակնկալ է:
Ի դեպ, այս տարի «Ոսկե ծիրանի» անցկացման համար պետական բյուջեից տրամադրվել է 50 միլիոն դրամ: