Մենք հաստատապես գնում ենք դեֆոլտի. Հրանտ Բագրատյան


13:20 , 15 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց ՀՀ նախագահի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագիրը:

Վարկային պայմանագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 51.000.000 եվրո գումարի չափով փոխառություն՝ Մ6 միջպետական ճանապարհի Վանաձորի և Բագրատաշեն միջև ընկած մոտ 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման և արդիականացման նպատակով:

Վարման կարգով հանդես եկավ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ պետությունն անընդհատ պարտք է վերցնում։ «Մենք հաստատապես գնում ենք դեֆոլտի, որ կհայտարարվի մի քանի տարի հետո, մենք սկսում ենք քանդել պետության հիմքերը՝ առանց հիմնավորելու ումից ինչքան պարտք ենք վերցնում եւ ինչի համար։ Այն պետությունը, որ մենք ստեղծել ենք, դուք քանդում եք»,-ասաց նա:

Նշենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 15 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: