Չնայած դեմ կարծիքներին՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը


12:12 , 15 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը՝ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ  վարման կարգով ձայն խնդրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, թե նախագիծը բերվել է օրենքի խախտմամբ, քանի որ ազդեցության գնահատականները չեն ներկայացվել զուգահեռ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ որևէ  օրենքի խախտում չկա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե լուրջ մտահոգություն ունեն այս վիճակով ընդունելու կապակցությամբ: «Մենք պատրաստում ենք առաջարկությունների փաթեթ ներկայացնել՝ ակնկալելով, որ լրջորեն կուսումնասիրվի։ Այս պահին ձեռնպահ ենք քվեարկում՝ հետագան կապելով, թե ինչքանով առաջարկությունները հաշվի կառնվեն»,-ասաց նա:  

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց դեմ քվեարկել, քանի որ ոչ թե խնդիրը մեկ ստորակետ փոխելն է, այլ սկզբունքային է, և հսկայական աշխատանք կա կատարելու: «Եթե ստորագրենք, 90 մլրդ-ով հարկային բեռը հարկ վճարողների վրա մեծացնում է»,-ասաց նա: 

Ստեփան Մարգարյանը խոսեց «Համախմբում» կուսակցության նախաձեռնության չորս պատգամավորների անունից, որ համարում են նախագիծն անընդունելի, որն էապես խանգարելու է բիզնեսի զարգացմանը:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը կոչ արեց նախ քվեարկել, հետո քննարկումների միջոցով ուղղել:  «Անկախ ընդունման ռեժիմներից, կառավարության հետ պայմանավորվածություն կա, այսօրվանից քննարկումների շարք է սկսվում, կարող ենք նստել ու քննարկել: Կոչ եմ անում մեկնարկը սկսել, եթե չէ, օրենսգիրքը հետ է ընկնում, չենք իմանում ի՞նչի վրա ենք աշխատում»,-ասաց նա: 

Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե  հանրության կողմից համապատասխան համաձայնություն չկա, ինչպես ԸՕ-ի դեպքում էր:  

Լևոն Զուրաբյանը նշեց, թե ՀԱԿ-ը համարում է այս նախագիծն անընդունելի և բովանադակությամբ և քննարկման այս ձևով, ուստի դեմ կքվեարկեն:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կոչ արեց քաղաքական մեծամասնությանը կամք դրսևորել և պարզապես քվեարկության չդնել՝ խուսափելով հետագայում այնպիսի նախագծից, որ հայրենակիցները չլքեն հայրենիքը: Նա հայտարարեց, որ ՕԵԿ-ը դեմ է քվեարկում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե քննարկումների շարք է սկսվում, որից ելնելով՝ իրենք լիիրավ կողմ են քվեարկելու:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց՝ նման մղումը՝ ամեն կերպ քվեարկել, հաստատում է այն ենթադրությունը, որ սպասում են միջազգային հերթական վարկային ֆինանսավորմանը:

«Ասում եք, հիմա չքվեարկենք՝ ուշանում է, ինչի՞ց է ուշանում, վարկերի՞ց, որ պետք է ընդունված լինի, որ միջազգային կազմակերպությունների հետ խնդիր չունենան»,-ասաց նա:   

«Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, թե պատճառ կա, որը չեն հայտնում, թե ինչու են այսօր ուզում քվեարկել և խորհուրդ տվեց ուղղակի հանել քվեարկությունից:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ կուսակցության պատգամավորները կքվեարկեն ձեռնպահ, իսկ եթե այս ընթացքում չբարելավվի, վերջնական քվեարկությանը դեմ կքվեարկեն:

Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե միանում է միասնական ընդդիմության կարծիքին և դեմ քվեարկում:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը նկատեց, թե պետք է հաստատեն առաջին քվեարկությամբ ու մնացածը քննարկումներով փոխեն: