Օռլանդոյի ակումբի այցելուները՝ հրաձգության շարժառիթների մասին


09:00 , 15 հունիս, 2016

Ծագումով Աֆղանստանից Օմար Մատինը, ով Օռլանդոյի գիշերային գեյ-ակումբում հրազենային հարձակմամբ սպանել էր 49 մարդու, 911 փրկարար ծառայություն զանգահարելիս հայտարարել է, որ կազմակերպել է հարձակումը, որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի ռմբակոծել իր երկիրը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ողբերգության ականատեսին։

Ինչպես պատմել է 20-ամյա Փեյշենս Քարթերը, ով ընկերների հետ թակարդվել էր Pulse գիշերային ակումբի զուգարանում, իրենք մանրամասն լսել են 911-ի հետ Մատինի զրույցը։

Աղջկա խոսքով՝ Մատինը խոսել է արաբերեն և հավատարմության երդում տվել ԴԱԻՇ-ին։ Հրաձիգը զուգարանի պատանդներին հարցրել է, թե նրանց շարքում կա՞ն աֆրոամերիկացիներ։ Երբ նրանցից մեկը դրական պատասխան է տվել, Մատինը պատասխանել է, որ ինքը ոչ մի բան չունի սևամորթների դեմ։ «Խոսքն իմ երկրի մասին է։ Դուք, երեխանե՛ր, բավական շատ եք տառապել»,- հավելել է նա։

The Washington Post-ը նաև հայտնել է, որ Մատինը, փրկարար ծառայություն զանգից բացի, առնվազն ևս մեկ զանգ է կատարել Ֆլորիդայում իր ծանոթին։ Զրույցի բովանդակությունը դեռևս չի գաղտնազերծվում: