Սոֆի Լորենը ժամանել է Վրաստան


15:00 , 14 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Լեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել է Վրաստան: Ինքնաթիռը լուսաբացին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

Դերասանուհին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է Վրաստանի օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի «Ցանկության ծառ» բարեգործական հիմնադրամի միջոցառումներին:

Թբիլիսիում Սոֆի Լորենը հանդիպում կունենա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի եւ երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի հետ, ասված է Facebook սոցցանցում հիմնադրամի էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Նա նաեւ կայցելի Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ հունիսի 15-ին տեղի կունենա «Հանուն սիրո» նոր ներկայացման համաշխարհային պրեմիերան: Նվագախումբը ղեկավարելու է Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի-կրտսերը, հաղորդել է Sputnik-ը: