Pastinfo.am-ը գրում է.
ՀՀ ՊՆ N զորամասի շարքային զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշված անձինք, բոլորն էլ նույն զորամասից են, նրանցից 4-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ մեկը՝ պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ սերժանտ:
Ավագ սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ և 375-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ շարքայիններին՝ 360-րդ հոդվածի 1-ին և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով: Ավագ սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն, իսկ շարքայինների նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ գործի շրջանակներում կատարված քննության ընթացքում բացահայտվել են նաև այլ հանցագործության դրվագներ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 14-ին մարտական հենակետում Կամո Մարտիրոսյանը իրեն ամրակցված ինքնաձիգով հրազենային վիրավորում էր պատճառել իրեն՝ կրակելով ստորին ծնոտի շրջանում:
Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: