Բալթյան երկրներում ՌԴ-ից սպառնալիքի զգացումը ՆԱՏՕ-ին ակտիվանալու առիթ է տալիս. Գերմանիայի ԱԳՆ


17:36 , 13 հունիս, 2016

Լեհաստանում և Մերձբալթիկայում Ռուսաստանի կողմից սպառնալիքի զգացողությունը ՆԱՏՕ-ի ակտիվացման համար բավարար առիթ է՝ որոնելու «սպառնալիքի զգացման կրճատման» ուղիներ և միջոցներ: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Մենք ցանկացած դեպքում ունենք իրավիճակ, երբ անվիճելիորեն Լեհաստանը և զգալիորեն Բալթյան պետությունները սպառնալիք են զգում (Ռուսաստանի կողմից): Եվ մեզ համար դա բավարար առիթ է, որպեսզի դաշինքի գործընկերների հետ միասին ՆԱՏՕ-ն միջոցներ և ուղիներ փնտրի՝ սպառնալիքի այդ զգացումը կրճատելու համար: Ուստի երկու տարի մենք ակտիվորեն մասնակցում ենք դրան՝ Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակի վատացման և Ռուսաստանի հետ բարդացող հարաբերությունների ֆոնին»,- ասել է Շեֆերը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի՝ հուլիսին ծրագրված գագաթնաժողովը, որը տեղի կունենա Վարշավայում, «նաև գերմանական կառավարության տեսանկյունից պետք է և կլինի կրկին խորհրդանիշ և նշան, դաշինքի մեր արևելյան գործընկերների հետ համերաշխության արտահայտություն»: