Մի քանի ամիս առաջ Վրաստանի ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որի համաձայն ընտրատարածքների սահմանները փոփոխությունների ենթարկվեցին: Արդյունքում՝ եթե նախկինում Ախալքալաքի ու Անինոծմինդայի շրջաններից ընտրվում էին մեկական հայազգի պատգամավորներ, այժմ այդ երկու հայաբնակ մունիցիպալիտետներից գործնականում ընտրվելու է հայազգի մեկ խորհրդարանական:
Դա տեղի է ունենում հետևյալ կերպ: Ախալքալաքի մունիցիպալիտետի հայկական գյուղերի մի մասը միացվեց հարևան Բորժոմի շրջանի ընտրատարածքին: Իսկ մյուս մասը՝ Ախալքալաք քաղաքի հետ միասին միացվեց Նինոծմինդայի ընտրատարածքին, որից հետո գրեթե ամբողջությամբ հայերով բնակեցված ընտրատարածք մենք ունենում ենք մեկ հատ: Փոխարենը Բորժոմին միացված բնակավայրերի ընտրողների ձայները, մեր խնդրի տեսանկյունից փոշիանում են, քանի որ ընտրատարածքի բնակչության մեծամասնությունը լինում են ազգությամբ վրացիներ և պատգամավորի ազգությամբ վրացի թեկնածուն ընտրվելու էապես ավելի մեծ հնարավորություններ է ունենում:
Խնդիրը ոչ միայն այս փոփոխությունն է, այլև այն հանգամանքը, որ ջավախքահայերը ՏԻՄ գործունեությանն ու դրանց ձևավորմանը վերաբերող հարցերում պասիվություն են դրսևորում: Օրինակ՝ Ծալկայում որտեղ բնակչության 55 տոկոսը հայեր են կազմում, շրջանի ղեկավարը ազգությամբ վրացի է ու դեռ ավելին, շրջանի խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը ևս ազգությամբ վրացիներ են: Այսինքն՝ Ծալկայի հայությունը, փոխանակ հանդես գա որպես կազմակերպված փոքրամասնություն և կարողանա ղեկավարի պաշտոնում ընտրել իրենց թեկնածուին, ընդհակառակը, ծայրաստիճան պասիվություն է դրսևորում: Ի դեպ, Ծալկայի շրջանն այն շրջանն է, որտեղ սոցիալական հողի վրա բավական շատ միջադեպերն են գրանցվել հայ և վրացի բնակիչների միջև, ինչը պետք է որ մղեր հայերին համախմբվածության, սակայն դա մենք չենք տեսնում: Այս ամենի ամենահիմնական պատճառը, թերևս նորից պետք է համարել կրթության չափազանց ցածր մակարդակը, որից հետևում է հայազգի ակտիվ գործիչների բացակայությունը:
Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Ախալցխայում, որտեղ հայությունը կազմում է բնակչության 30-35 տոկոսը: Այստեղ ևս ղեկավար կազմում հայազգի գործիչները շատ փոքր չափով են ներկայացված: Մինչդեռ Ախալցխան, լինելով Սամցխե-Ջավախքի ամենազարգացած քաղաքը, առաջընթացի ավելի շատ հնարավորություններ պետք է ընձեռեր այնտեղ բնակվող հայերին:
Պետք է ընդգծել, որ կրթության ցածր մակարդակի խնդիրն ընկած է ջավախքահայության քաղաքական պասիվության հիմքում: Սամցխե-Ջավախքում քաղաքական պասիվությունը հետևանք է կադրերի բացակայության և բնակիչների կողմից այդ խնդրի կարևորության ոչ պատշաճ ընկալման, այն հաղթահարելու հնարավորությունների բացակայության:
Եվ որպես վերոնշյալ օրենքում կատարված փոփոխության փաստի ու կրթական ֆունդամենտալ խնդիրների առկայության հետևություն պետք է նշել, որ այժմ էլ Սամցխե-Ջավախքում հայկական կողմի (Հայաստան և ջավախքահայություն) դիրքերն ու ազդեցությունը շարունակում են մնալ թույլ: Այսինքն Սամցխե-Ջավախքում տարվում է հայկական պարտվողական քաղաքական գիծը: