20:30 , 12 հունիս, 2016«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով լցնովի և տուփերով վաճառվող պաղպաղակի անվտանգության թեմային, ասաց, թե լցնովի պաղպաղակի շուկայի առանձնահատկությունները եղել են, կան և մնալու են:
«Բայց ՏԻՄ-երը և Սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է համատեղ գործ անեն, իսկ մենք այս երկրում երբեք համատեղ գործ չենք տեսնում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Ինչ վերաբերում է ոչ լցնովի պաղպաղակներին, Բաբկեն Պիպոյանը նշեց, թե կարող է ասել, որ զուտ մակնշման մասով այն խնդիրները, որոնց մասին ինքը 3 տարի շարունակ բարձրաձայնել է, շարունակում են մնալ նույնը:
«Իսկ ահա ինչ վերաբերում է արտադրություններում տիրող իրավիճակին, ապա միշտ ասել եմ, որ ամեն տարվա սեպտեմբերին Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից պետք է պաղպաղակի շուկայում մոնիտորինգ իրականացվի, որովհետև պաղպաղակն իրացման ցանց դուրս գալուց հետո վերամշակում չանցնող, ջերմային մշակում չանցնող, բարձր ռիսկայնություն պարունակող մթերք է, որի հիմնական սպառողները փոքր երեխաներ են: Այս շուկան առանց մոնիտորինգի թողնելը հանցագործություն է»,-ընդգծեց սպառողների շահերի պաշտպանը:
Բաբկեն Պիպոյանն ասաց, թե 2013 թվականից ի վեր տարեկան առնվազն երկու-երեք անգամ բարձրաձայնում է խնդրի մասին, նշում, թե հունիսից սկսած մեկ ամիս պետք է պարբերաբար նմուշառումներ իրականացնել թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից, պաղպաղակի շուկան պահել վերահսկողության տակ և առնվազն ամեն շաբաթ իրազեկել պատկերի մասին: