18:05 , 12 հունիս, 2016
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի նշանակում, որ Արևմուտքը դադարեցրել է իր թշնամական վերաբերմունքը երկրի նկատմամբ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը ոչ միայն վերացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, այլև թույլ է տվել ազատվել «բացասական մթնոլորտից»՝ կապված Արևմուտքի մշտական սպառնալիքների հետ: «Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ նրանք, ովքեր հանձին Իրանի Իսլամական Հանրապետության տեսնում են խոչընդոտ՝ հասնելու իրենց նպատակներին, դադարեցրել են (Իրանի նկատմամբ) անբարյացակամությունը և թշնամական վերաբերմունքը»,- ասել է նա:
Այդուհանդերձ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը Զարիֆը համարել է անհրաժեշտ: «Նախորդ տարիներին չկար մի ամիս, որ Իրանի հանդեպ նոր սահմանափակող միջոցներ չկիրառվեին. եթե այդպես շարունակվեր, ապա իրանական նավթի արտահանման ծավալները կհասնեին զրոյական ցուցանիշի»,- ընդգծել է նա: