16:05 , 12 հունիս, 2016
TASS-ի փոխանցմամբ՝ Լիտվայի Գայժյունայ զորակայանում կիրակի օրը սկսվել են Gelezinis Vilkas-2016 լայնամասշտաբ զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ վեց երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Զորավարժությունների ընթացքում կստուգվի Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման ուժերի կազմում Դանիայի զինված ուժերի բազայի վրա ստեղծված գումարտակային մակարդակով միջազգային ստորաբաժանման օպերատիվ հերթապահության պատրաստականությունը»,- նշել են գործակալությունում:
Gelezinis Vilkas-2016 զորավարժությունների երկրորդ մասին մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ստորաբաժանումները՝ ընդհանուր առմամբ 2700 զինծառայող:
Gelezinis Vilkas-2016 զորավարժությունները ՆԱՏՕ-ի Saber Strike 2016 զորավարժությունների հիմնական մասն են, որոնք Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ղեկավարության ներքո 2011 թվականից անցկացվում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում: Դրանց մասնակցում է 10 հազար զինծառայող: