03:08 , 11 հունիս, 2016
Խորհրդարանականների անձեռնմխելիության հանման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ստորագրած օրենքից հետո փլուզվել է ցանկացած պատկերացում այն մասին, որ Թուրքիան համարվում է արևմտյան ժողովրդավարության օրինակ, համարում է բրիտանական The Guardian պարբերականի թղթակից Սայմոն Թիսդալը:
«Սպասվում է, որ նրանք (Թուրքիայի քաղաքական իշխանությունը) կոչնչացնեն խորհրդարանական ընդդիմությունը, որը դեմ է հանդես գալիս Էրդողանի իշխող նեո-իսլամիստական կուսակցությանը: Նոր միջոցառումները թույլ են տալիս հալածել հակակառավարական պատգամավորներին քաղաքական դրդապատճառներով: Հիմնական նպատակը քրդամետ Ազգային-դեմոկրատական կուսակցությունն է, որին Էրդողանը մեղադրում է ահաբեկչությանը մասնակցության մեջ, սակայն վտանգի տակ են հայտնվել և այլ ընդդիմադիր կուսակցություններ»,- նշում է հոդվածի հեղինակը:
Թիսդալի կարծիքով` նոր օրենքի ստորագրմամբ Էրդողանը Թուրքիային զրկեց կանխատեսելի ապագայում Եվրամիություն մտնելու շանսից: Բացի այդ, հնարավոր է, այդպիսով երկրի նախագահը Թուրքիայում վերջ դրեց աշխարհիկ ժողովրդավարությանը և ճանապարհ հարթեց քրդական խմբերի հետ զինված հակամարտության համար:
Ընդ որում, եվրոպական երկրները ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում են ճնշում գործադրել Էրդողանի վրա, որպեսզի նրան ստիպեն հրաժարվել քրդերի դեմ իր արշավից, շարունակում է պարբերականը:
«Եվրամիության այնպիսի առաջատար երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան, դեմ են հանդես գալիս Թուրքիայի անդամակցությանը: Նրանք հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում կարող են անմիջապես օգտագործել իրենց վետոյի իրավունքը»,- նշում է The Guardian-ը:
Ռեջեփ Էրդողանը հունիսի 7-ին ստորագրել է օրենք Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին: