Լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ է ավելանում, ինչն ի օգուտ մեզ է. Միքայել Մելքումյանը ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագրի մասին


15:24 , 10 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ կառավարության՝ մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարին: 

«Կանխավ չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության ղեկավարի մտադրությունը, որովհետև փետրվարի տասնվեցին տասը կետանոց գրավոր փաստաթուղթ եմ հղել ես կառավարությանը, որից ութ կետը հնչեցվել է: Կառավարության ղեկավարը զուգահեռ ասում է, որ քաղաքական կամք ունենք, բայց ես էլ ասում եմ, որ պայման պետք է լինի, որ իրացվի այդ քաղաքական կամքը, ես չգիտեմ այդ պայմանները կա՞ն, թե ոչ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ ՀՕՊ համաձայնագրին, պատգամավորն ասաց. «Այստեղ պետք չի երկու բան խառնել, մեր հակաօդային պաշտպանության համակարգը մնում է, և լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ է ավելանում, որը մենք չունենք, ինչը բերում է ի օգուտ մեզ՝ տեսանելիության դաշտի ընդլայնման, մենք լիազորություն չենք պատվիրակում»։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին՝ հատկապես Գյումրիում և Վանաձորում, Միքայել Մելքումյանն ասաց, որ վերջնական որոշում չկա, թե ում թեկնածությունը կպաշտպանեն, քանի որ դեռ վաղ է ասել, բայց մասնակցելու են ընտրություններին:

«Հզոր կառույց ունենք Գյումրիում»,-ասաց նա: