Արևմուտքում լավ են հասկանում, որ առանց ՌԴ-ի հավանության ԼՂ հակամարտության հանգուցալուծումն այս փուլում անհնար է


10:07 , 10 հունիս, 2016
Ես կարծում եմ, որ Արևմուտքում լավ են հասկանում այն իրողությունը, որ, Հայաստանի քաղաքական անգործունակության պայմաններում, առանց Ռուսաստանի հավանության արցախյան հակամարտության պատերազմով կամ խաղաղ ճանապարհով հանգուցալուծումն այս փուլում անհնար է: Դրա հետ միասին, ռուս-թուրքական ահագնացող ռազմաքաղաքական ճգնաժամը հատկապես Ադրբեջանի համար լրջագույն մարտահրավերներ է պարունակում՝ նախագահ Ալիևը ստիպված է լինելու ընտրություն կատարել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, ընդ որում, շնորհիվ արցախյան զինուժի հակագրոհը կասեցնելու ռուսական նախաձեռնության, կարելի է ասել, որ պաշտոնական Բաքուն արդեն իսկ Կրեմլից առարկայական տարածքային ու քաղաքական կանխավճար է ստացել իր "ճիշտ" կողմնորոշման համար:Այս տեսանկյունից Ռուսաստանի առանձնահատուկ դերի վերաբերյալ տիկին Մերկելի ակնարկը միանգամայն թափանցիկ էր: