21:39 , 8 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Բանաձևի երկարաշունչ տեքստը կարող էր լինել ավելի պարզորոշ և չպարունակեր զոհի կերպար ձեռք բերելու գործընթաց. Tert.am-ի հետ բացառիկ զրույցում, վերլուծելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի տեքստն, ասաց գերմանացի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը։ Նա «Ճանաչում աշխատանքային խումբ` ընդդեմ Ցեղասպանության, հանուն միջազգային ըմբռնման» կազմակերպության նախագահն է, նշենք, որ 2013 թվականին ՀՀ Նախագահի կողմից արժանացել է պետական մրցանակի՝ Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար։
–Տիկին Հոֆման, Գերմանիայի Բունդեսթագը օրերս ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Ըստ Ձեզ՝ ի՞նչը Գերմանիային դրդեց այդ քայլին դիմել, հատկապես, հիմա:
-Բանաձևի պաշտոնական անվանումն է «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված Ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում»: Սակայն գերմանական լրատվամիջոցներում այն ակնառու կերպով խուսափողականորեն հիշատակվում է որպես «Հայաստանի վերաբերյալ բանաձև», այլ ոչ որպես փաստաթուղթ, որի հիմքում ընկած է Ցեղասպանության իրավական ճանաչումը: Դժվար է հստակ ասել՝ որոնք էին քվեարկությանը մասնակցած խորհրդարանականների (ընդհանուր թվով 598 պատգամավորների կեսի) գլխավոր շարժառիթները: Բանաձևը Գերմանիայի խորհրդարանականների կողմից իրենց առջև դեռևս 2015թ. դրված խնդրի շարունակությունն էր, որն այն ժամանակ այդպես էլ մնաց չլուծված: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Գերմանիայի խորհրդարանի երեք խմբակցությունները ներկայացրին բանաձևի իրենց նախագծերը. բոլոր երեքում էլ առկա էր իրավաբանորեն պարտավորեցնող միակ եզրույթի՝ «Ցեղասպանության» գերմաներեն հոմանիշը (‘Voelkermord’): Սակայն գործադիրը՝ Կանցլերի վարչակազմն ու արտգործնախարարությունը, իշխող Պահպանողական-Սոցիալդեմոկրատական կոալիցիայի կողմից առաջադրված փաստաթղթից դուրս մղեցին «ցեղասպանություն» բառը: Այդ եզրույթը վերականգնվեց միայն Ֆրանցիսկոս Պապի՝ 2015թ. ապրիլի 12-ի ուղերձից հետո, սակայն արդեն շատ ուշ էր, որպեսզի հարցը դրվեր ապրիլի 24-ի քվեարկությանը: 2015թ. մայիսին բոլոր երեք փատաթղթերն էլ ներկայացվեցին խորհրադարանի Արտաքին հարցերի հանձնաժողով՝ հետագա քննարկման ու խմբագրման համար: 2016թ փետրվարի 25-ին, իշխող կոալիցիայի կողմից ստանալով միջխմբակցային բանաձև մշակելու խոստում, «Կանաչների» խմբակցությունը պաշտոնապես հետ վերցրեց իր նախագիծը, որը վերջնականապես հրապարակվեց հունիսի 2-ին:
Խորհրդարանականների կողմից՝ քննարկմանը և դրանից առաջ արված հայտարարություններից հետո, կարծես, ավելի հեշտ է սահմանել, թե ինչ չի նախատեսվում այդ բանաձևով: Իսկ դրանով չի նախատեսվում որևէ դատավճիռ կամ ներկայիս Թուրքիային կամ թուրք ազգությանն ուղղված որևէ դատապարտում: Փոխարենը, Բունդեսթագն այն մեկնաբանում է որպես թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը նպաստող բանաձև:
–Ինչպե՞ս եք դուք գնահատում ճանաչման վերաբերյալ տեքստը: Արդյո՞ք բոլոր ձևակերպումներն են ճշգրիտ, և կարո՞ղ են արդյոք դրանք ունենալ իրական ազդեցություն Թուրքիայի վրա:
-Բանաձևի երկարաշունչ տեքստը կարող էր լինել ավելի պարզորոշ և չպարունակեր զոհի կերպար ձեռք բերելու գործընթացը: Այնուամենայնիվ, մեր օրենսդիրներն հաստատակամ հայտարարերեցին, որ հայերի «ճակատագիրը» 20-րդ դարին բնորոշ ահասարսուռ զանգվածային ոչնչացումների, էթնիկական զտումների, արտաքսումների և ցեղասպանությունների վառ օրինակ է: Միևնույն ժամանակ մենք գիտենք նաև Հոլոքոստի նման եզակի հանցագործության մասին, որի համար Գերմանիան պատասխանատու է և «մեղավոր»: Ներկայիս բանաձևում նույնպես կրկնվում են «վտարումներ» և «կոտորածներ» եզրույթները, որոնք արդեն օգտագործվել էին նախորդ՝ 2005թ. բանաձևում, որտեղ նրանք հանդես էին գալիս որպես վերաձևակերպումներ՝ «ցեղասպանության» իրավական գնահատումից խուսափելու նպատակով: Այդ գնահատումն այժմ հստակ կերպով արտահայտված է՝ թեպետ փոքր-ինչ անուղղակի կերպով: Գերմանիայի հայերի և արամեական լեզուներով խոսող քրիստոնյաների (արամեական ազգերի, ասորիների և քաղկեդոնացիների) համար բանաձևն, այնուամենայնիվ, մեծ սփոփանք է, մխիթարություն և հույս՝ դպրոցներում ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և օսմանական ժամանակաշրջանի ցեղասպանությունների ոլորտում ծավալուն հետազոտությունների իրականացման առումով: Ցավոք սրտի, բանաձևում հստակ մատնանշված չեն Օսմանական կայսրության հույները՝ «ի տարբերություն արամեական/ասորական և քաղկեդոնցի քրիստոնյաների», որոնք ներկայացված են որպես հայերի հետ զոհ գնացած մարդիկ: Գերմանիայում և նրա սահմաններից դուրս բնակվող հույն համայնքների համար այն թեթև մխիթարություն է այնքանով, որքանով, որ Բունդեսթագի քննարկման ժամանակ մի քանի պատգամավորներ իրենց բանավոր ելույթներում հիշատակեցին նաև Պոնտսի հույներին:
Դեռ վաղ է որոշել՝ ինչպիսի ազդեցություն կունենա ներկայիս բանաձևը Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման կամ Թուրքիայի ներսում նրա ճանաչման գործընթացի վրա: Ինչպես անշուշտ տեղյակ եք, այս գործընթացը Թուրքիայում սկիզբ առավ 1990-ականների կեսերին՝ ի հեճուկս տարատեսակ ճնշումների, սահմանափակումների ու հալածանքների: Թուրք իրավապաշտպաններն ու գիտնականները կամ հեղինակները, որոնք Ցեղասպանությունը ընդունում են որպես փաստ, տարբեր առիթներով եվրոպական երկրներից ու Միացյալ Նահանգներից պահանջել են ճանաչման հարցում ցուցաբերել ավելի հստակ դիրքորոշում.շատ ուրիշները, սակայն, այն կարծիքն են հայտնել, որ Թուրքիայի հասարակությունը պետք է պատմական ճշմարտությունը բացահայտի իր սեփական միջոցներով: Սակայն, առանց արտաքին ազդակների, այս մոտեցումը կարող է պահանջել դարեր: Ուստի, հուսով եմ՝ Բունդեսթագի այս բանաձևը Թուրքիայի համար կծառայի որպես հզոր նպաստավոր ազդակ՝ իր ոչ վաղ անցյալը և 20-րդ դարի առաջին կեսին կատարված ահասարսուռ հանցագործությունները՝ այդ թվում նաև՝ 1837-1938թթ. Դերսիմի ջարդերը, բացահայտելու տեսանկյունից: Այս հանցագործությունները Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր ծառայել են որպես հայրենասիրության դրական օրինակ, իսկ հետագայում դարձել են մարդկության դեմ մինչ օրս իրագործված բազում հանցագործությունների պատճառ:
Շարունակելի…