Թուրքիայի Քիլիս նահանգը վերստին հրետակոծվել է Սիրիայում ԴԱԻՇ-ի վերահսկած տարածքներից


18:59 , 8 հունիս, 2016

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քիլիսի նահանգը վերստին հրետակոծության է ենթարկվել Սիրիայի այն հատվածից, որը գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Այս անգամ հարվածը հասցվել է զենիթային արկերից: Դրանցից մեկը դիպչել է դպրոցի պատին և վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաները: Արկերի պայթյունները խուճապ են առաջացրել տեղաբնակների շրջանում: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Միջադեպը գրանցվել է առավոտյան ժամը 08:10-ին: