Ուզբեկստանում EgyptAir-ի արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթյունի սպառնալիքը կեղծ է եղել. Reuters


15:12 , 8 հունիս, 2016

Չորեքշաբթի Ուզբեկստանում EgyptAir ընկերության արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթյունի սպառնալիքը, պարզվել է, կեղծ է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եգիպտոսի ավիացիայի նախարարության ներկայացուցչին:

«Ինքնաթիռը պատրաստվում է շարունակել թռիչքը: Դա կեղծ սպառնալիք էր»,- ասել է նա:

«Ալ-Ահրամ» լրատվական պորտալի տեղեկությամբ՝ անցած գիշեր 955 չվերթի Պեկին ուղևորվելուց քիչ անց Կահիրեի միջազգային օդանավակայանի վարչությունում անանուն զանգ է ստացվել ինքնաթիռում դրված պայթուցիկ սարքի մասին: Որոշում է ընդունվել օդանավն իջեցնել ամենամոտ օդանավակայանում՝ Ուզբեկստանում:

Վերջին շաբաթում սա արդեն երրորդ հաղորդումն է EgyptAir-ի ինքնաթիռներում ռումբի առկայության մասին: Նախորդները նույնպես կեղծ են եղել: