Սերժ Սարգսյան. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել
14:52 , 8 հունիս, 2016
«Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով»,-պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ասաց, որ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպման ժամանակ ինքը հայկական կողմի գոհունակությունն է հայտնել Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի նախագահի աներկբա դիրքորոշման համար: