13:12 , 8 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայում սոցիալական մեդիաներում գերմանացի խորհրդարանականների դեմ մահվան սպառնալիքները մտահոգություններ են առաջացնում: Փորձագետները, որոնք հետևում են այդ սպառնալիքներին և ատելության խոսքերին, նշում են, որ այդ ամբոխային մենթալիտետն իշխող քաղաքական մշակույթի մասն է, գրում է Deutsche Welle-ն:
Թուրքիայում սոցիալական մեդիաների էջերը կարող են օգտագործվել երկրի նորությունների օրակարգը հասկանալու համար, և կարող են նաև օգտագործվել ուղղակիորեն հատուկ թիրախների վրա հարձակումների համար: Այս էջերի վերջին թիրախները թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականներն են, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին:
Գերմանիայի դատախազությունում Deutsche Welle-ի աղբյուրները հայտնել են, որ Twitter-ի, Facebook-ի և Instagram-ի էջերն օգտագործվել են մասնավորապես խորհրդարան բանաձև ներկայացրած Ջեմ Օզդեմիրին թիրախավորելու համար:
«Մենք քայլեր ենք ձեռնարկել այս հաղորդագրությունների տարածման դեմ: Մյուս պատգամավորները նույնպես ստանում են նման հաղորդագրությունների իրենց բաժինը»,- ասել են աղբյուրները՝ հավելելով, որ հետևում են և ապաակտիվացրել են հատկապես Twitter-ում այն էջերը, որոնք մահվան սպառնալիքներ են տարածում:
Արտգործնախարարությունն այս տեղեկությունները կտրամադրի Գերմանիայի իշխանություններին, ինչպես նաև Twitter-ի ղեկավարությանը: Էջերը հիմնականում ուղարկում են հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություններ. «Դու կվճարես: Դու պատգամավոր չես, այլ ահաբեկիչ: Մենք քեզ թույլ չենք տա բաժանել Թուրքիան: Մենք քեզ թույլ չենք տա ապրել»:
«Վերջին դեպքերը, որոնց մենք ականատես ենք լինում, հաստատում են Թուրքիայում ամբոխային մենթալիտետի ռեժիմի հասկացության իրավացիությունը»,- ասել է հայտնի հետազոտող և «Թուրքիայի ամբոխային մենթալիտետի ռեժիմը» գրքի հեղինակ Թանիլ Բորան:
«Սա երևույթ է, որն ինքնին ոչնչացնում է հասարակությունը և քաղաքականությունը: Ամբոխային մենթալիտետի ռեժիմը Թուրքիայում, որ ես նկարագրում եմ իմ գրքում, ցույց է տալիս քաղաքակրթության կորուստը»,- ասել է Բորան:
Ստամբուլի Բիլգի համալսարանի հոգեթերապևտ Մուրաթ Փաքերը նշում է, որ «ամբոխային մշակույթը, որը հիանալիորեն երևում է սոցիալական մեդիաներում, իշխող քաղաքական մշակույթի մասն է»: Նա վստահ է, որ դա սերտ կապված է թուրքական ազգայնականության և քննադատական մտքի բացակայության հետ: