17:36 , 7 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ Վրաստանից ՀՀ-ի սահմանը հատող մեքենաների գումար վճարելու խնդրին:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր մեքենա, որ Վրաստանից ՀՀ է մուտք գործում, պետք է մուծի 2000 դրամ: «Սա մեքենաների ժամանակավոր ներմուծում է կոչվում, արդյունքում այդ գումարները գնում են բրոկերներին, այդ կերպ խոչընդոտում ենք մարդկանց ոգևորվածությունը տաքսի աշխատելու, իսկ հակառակ՝ Հայաստան-Վրաստան ուղղությամբ, նման բան չկա»,-ասաց Մանուկյանը:
Խոսել է ջավախքցիների հետ, ովքեր անտրամաբանական մուծումներ են անում, երբ գալիս են բուժվելու կամ բարեկամներին այցի: Մանուկյանը նշեց, որ եթե վրացիների նկատմամբ արվում է, գոնե մեր հայրենակիցների նկատմամբ «նման անխղճություն» չանեն:
Մանուկյանի խոսքով, պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ ՀՀ մուտք գործող մարդիկ ու ավտոմեքենաները շատ լինեն: Մանուկյանը նշեց, թե Իրանից Ադրբեջան մեքենաների տրանզիտի համար վճարում են 80 դոլար, իսկ Հայաստան մուտքի համար 300 դոլար պետք է վճարեն և եզրակացնում պարզ չէ, որ կընտրեն էժանը:
«Հայաստանը պետք է գրավիչ դարձնել տուրիզմի համար, բայց մենք այդ քաղաքականությունը չենք իրականացնում»,-եզրափակեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: