13:20 , 7 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է ձերբակալել և Կիևին հանձնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, BBC-ի փոխանցմամբ` հայտնել է կառույցի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրենոյը:
Նրա խոսքով` 2015թ. փետրվարին ուկրաինական իրավապահ մարմինները խնդրագիր են ուղարկել Վիկտոր Յանուկովիչին «ժամանակավորապես կալանավորելու» մասին: Խոսքը վերաբերել է Յանուկովիչի դեմ հարուցված քրեական գործին, ինչի մասին ռուս պաշտոնյան չի մանրամասնել:
ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան չի ընդունել այդ խնդրագիրը` վկայակոչելով արտահանձնման մասին 1957թ. եվրոպական կոնվենցիան, որի համաձայն երկիրը կարող է հրաժարվել արտահանձնել որևէ մեկին, եթե այդ անձը հետապնդվում է իր կրոնական, ազգային և քաղաքական հայացքների համար:
Հիշեցնենք, որ Յանուկովիչն Ուկրաինայից փախուստի է դիմել 2014թ. փետրվարին, երբ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն: Նրա դեմ Ուկրաինայի նոր իշխանությունները հարուցել են 9 քրեական գործ, որոնք վերաբերում են Մայդանը ցրելու ժամանակ կատարված սպանություններին, կոռուպցիային և այլ քրեական հանցագործություններին: