Ֆինլանդիայում արջի պատճառով դադարեցվել են զորավարժությունները, որոնց 3000 զինծառայող էր մասնակցում


03:29 , 7 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ֆինլանդիայում արջը դադարեցրել է զորավարժությունները, որոնց 3000 զինծառայող էր մասնակցում. տեղեկացնում է Lenta.ru-ն: 

Ներթափանցելով բազայի տարածք՝ կենդանին նախ համտեսել էր զինվորների համար նախատեսված ճաշը, ապա պատռել է զինծառայողների իրերը: 

«Սովորաբար արջերը խուսափում են մարդկանցից, սակայն այս մեկն առհասարակ չի վախեցել»,-ասել է բրիգադի մամուլի քարտուղար Սաթու Հույանենը: 

Նրա խոսքով՝ տուժածները չկան: Կենդանու հնարավոր հարձակումից վախեցած զինծառայողները բարձրացել են մոտակա բեռնատարների վրա ու սպասել, մինչ վտանգն անցնի: 

Զորամասի հրամանատարությունը վճռել է, որ արջը սպառնալիք է անձնակազմի համար և Ֆինլանդիայի օրենքով՝ դիմել է ոստիկանություն՝ գիշատչի վրա կրակելու թույլտվություն ստանալու համար: Դրանից հետո կենդանուն սպանել են: 

Նշվում է, որ վերջին 13 տարում սա առաջին դեպքն է, երբ արջը ռազմաբազայի տարածք է մտնում: