Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել


01:29 , 7 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

2016 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ու ճանապարհորդներ է ընդունել. հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 

«Վերջին 5 ամիսներին Վրաստանում զբոսաշրջիկների այցելության ռեկորդ է գրանցվել: Արտերկրից եկածների թիվն աճել է 14.9 տոկոսով, իսկ  Վրաստանում 24 ժամ և ավելի մնացող անձանց թիվը՝ 24.3 տոկոսով: Դա դրական ցուցանիշ է»,-ասել է վարչապետը: 

Ինչպես տեղեկացնում է Sputnik-Georgia-ն, վարչապետի խոսքով՝ Վրաստան են գալիս ոչ միայն հարևան երկրների բնակիչները, այլև ԵՄ երկրներից: 

«2015 թվականին զբոսաշրջությունից եկամուտը կազմել է 1.94 մլրդ և աճել է 8.3 տոկոսով, անցյալ տարվա համեմատ` 149 մլն դոլարով»,-ասել է նա: 

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ վերջին 5 ամիսներին երկիր է այցելել 2 մլն 119 հազար, 275 մարդ: Զբոսաշրջիկների թիվը կազմել է 782 հազար 814: 

Հարևան երկրներից այցելությունները գերակշռում են. առաջին տեղում Ադրբեջանն է՝ 570 հազար 825 այցելու, հետո Թուրքիան՝ 524 հազար 71 մարդ, ապա Հայաստանը՝ 445 հազար 343 մարդ, իսկ հետո Ռուսաստանը՝ 303 հազար 678 մարդ: