Վտանգի պահին եկեղեցին կրկին իր ձեռքն է վերցնում պետության զարգացման ղեկը


15:09 , 6 հունիս, 2016
ՊՆ-ում վերջին պաշտոնանկությունների ֆոնին հանրության աչքից, կարծես, վրիպեց մի կարևոր փաստ. Դավիթ Փախչանյանի՝ Պաշտպանության փոխնախարար նշանակվելը: Փախչանյանի մասին ասում են՝ խելացի մարդ է, Մոսկվայում սովորած, ոլորտին քաջատեղյակ: Մի խոսքով՝ լավ կադր: Թերթերը գրեցին, որ հանրությանն անհայտ Փախչանյանի լոբբինգով զբաղել է տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ով Փախչանյանի հետ միասին հիմնադրել է «Այբ» դպրոցը: Իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ պատասխանատու պաշտոնի է նշանակվում հանրությանն անհայտ, բայց խելացի մարդ: Ոչ մի: Ես համոզված եմ, որ բարձրագույն նշանակումների վրա ինչքան տեր Մեսրոպի նման մարդկանց ազդեցությունը մեծ լինի, այնքան կիսագրագետ կառավարիչներից ազատվելու շանսը կմեծանա: Վստահ եմ նաև, որ տեր Մեսրոպի հետ հաճախակի շփումները կօգնեն նրա հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Կճոյանին դրական ազդեցություն ունենալ իշխող կուսակցության վրա՝ մղելով ՀՀԿ-ն «ինքնամաքրման»: Մտքի հեղափոխությունից է պետք սկսել, ու լավ կադրերի շնորհիվ բարեփոխումները միայն կրթության ու պաշտպանության ոլորտներով չեն սահմանափակվի: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի և կրկին ականատես ենք լինում, թե վտանգի պահին եկեղեցին ինչպես է իր ձեռքը վերցնում պետության զարգացման ղեկը: Տեսնենք՝ ինչ կլինի, ես դրական ակնկալիքներ ունեմ: