22:22 , 4 հունիս, 2016
Այս անգամ Թուրքիայի նախագահը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում ոչ թե իրեն քննադատողների վրա հարձակումներ իրականացնելու համար, այլ իր բարձրագույն կրթության դիպլոմի իսկության շուրջ կասկածների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն` անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական դիպլոմին:
Ըստ պաշտոնական կենսագրական տվյալների` Էրդողանը 1981-ին ավարտել է Մարմարայի համալսարանի Տնտեսական և առևտրային գիտությունների ֆակուլտետը:
Ինչպես նշում է աղբյուրը` թուրքերը վերջերս Twitter գրառումներ են կատարում #YaDiplomaYaİstifa հեշթեգի ներքո, որը նշանակում է «կամ դիպլոմդ, կամ հրաժարականդ»: Թուրք օգտատերերը մեղադրում են Էրդողանին ստելու մեջ: Տասնյակ հազարավոր օգտատերեր պահանջում են, որ նա բարձրագույն կրթություն ունենալու ապացույց ներկայացնի:
Նախագահին չի աջակցել նաև Մարմարայի համալսարանի կայքը, որտեղ ասվում է, որ վերոնշյալ անվանումով ֆակուլտետ համալսարանում երբևէ չի եղել, իսկ Տնտեսական և վարչական գիտությունների ֆակուլտետը հիմնադրվել է 1982-ին:
Էրդողանի հակառակորդները հայտնել էն, որ ընտրություններից առաջ համալսարանի արխիվը փակ է եղել, իսկ համալսարանական 4-ամյա կրթության դիպլոմը նախագահական ընտրություններին մասնակցելու պարտադիր նախապայման է եղել: Թեև դեռ պարզ չէ` արդյոք Էրդողանը պաշտոնանկ կարվի, թե ոչ, եթե պարզվի, որ նրա դիպլոմը կեղծ է: