Ինչպե՞ս են սրանից հետո Գերմանիայի ղեկավարները նայելու մեր աչքերին. Էրդողան


15:52 , 4 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, ասել է, որ այդ երկիրն Անկարայի դեմ դավադրություն է հյուսում:

Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել է, որ բանաձևի ընդունումը «որևէ կարևորություն չունի» Թուրքիայի համար:

«Գերմանիայի խորհրդարանի որոշումը լավ բանի չի հանգեցնի: Անցած տարի լրացավ 1915թ. դեպքերի 100-ամյակը, և ինչո՞ւ այս բանաձևը քննարկման չդրվեց անցած տարի, այլ` հիմա: Ենթադրում եմ, որ սա սադրիչ բնույթի գործողություն էր, որի իրագործման հրահանգը ստացվել է վերևից: Այժմ ինձ հետաքրքրում է, թե ինչպես են գերմանացի պաշտոնյաները նայելու իմ և մեր վարչապետի դեմքին»,- շարունակել է Էրդողանը:

Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, լրագրողի խնդրանքով անդրադառնալով բանաձևի քննարկմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցություն չունենալուն՝ Էրդողանն ասել է. «Մի քանի օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նա վստահեցրեց, որ կանի իրենից կախված ամեն բան: Ես քաղաքականության մեջ եմ արդեն 40 տարի ու չեմ կարող հավատալ, որ խորհրդարանին հնարավոր չէր համոզել»:

Էրդողանը նաև հավելել է, որ Բունդեսթագի որոշումը չի կարող ազդել Թուրքիա-Եվրոպական Միություն փոխհարաբերությունների վրա, քանի որ բանաձևի ընդունումը կապված է սոսկ Գերմանիայի, այլ ոչ ողջ ԵՄ-ի հետ: