11:48 , 4 հունիս, 2016
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն անձամբ բախումներ է հրահրում իր հակառակորդների և կողմնակիցների միջև ամբողջ երկրում: CNN-ի եթերում այսպիսի մեղադրանքով է ուրբաթ հանդես եկել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
«Ես դատապարտում եմ բռնության ցանկացած ձև մեր քաղաքական հարթակում: Դատապարտում եմ, երբ Դոնալդ Թրամփը սադրում և շնորհավորում է բողոքի ցույցերի մասնակիցներին»,- հայտարարել է Քլինթոնը: Նրա գնահատմամբ՝ հանրապետականը «շատ վատ օրինակ է ծառայում»:
«Նա մթնոլորտ է ստեղծել, որում նախագահի պաշտոնում առաջադրվող մարդու համար ընդունելի է բռնության հրահրումը, իր կողմնակիցներին աջակցությունը: Իսկ հիմա այդ մարդու հակառակորդները սկսում են հակադարձել: Այդ ամենին պետք է վերջ տալ: Դա անընդունելի է»,- եզրափակել է Քլինթոնը:
ԱՄՆ ամենախոշոր քաղաքներում հաճախ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի են ունենում բախումներ, որոնք վերաճում են անկարգությունների: Սովորաբար այդպիսի դեպքերը համընկնում են միլիարդատիրոջ հանրահավաքների հետ: Այսպես, անցած հինգշաբթի բախումներ են տեղի ունեցել Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի կենտրոնում, որտեղ ոստիկանությունը ստիպված է եղել զսպել 400 մարդու և ձերբակալել հուզումների 4 առաջնորդի: