Էկոլոգիական հանցագործություններից վնասն զգալիորեն աճում է. ՄԱԿ


11:08 , 4 հունիս, 2016

Աշխարհում զգալի տեմպերով աճում է էկոլոգիական հանցագործությունների թիվը՝ ասվում է ՄԱԿ-ի և Ինտերպոլի պատրաստած համատեղ զեկույցում՝ փոխանցում է BBC-ն։

Նման հանցագործությունները կապված են բնական ռեսուրսների անօրինական շահագործման հետ՝ անտառահատման, օգտակար հանածոների արդյունաբերության, ձկնորսության և գործունեության այլ տեսակների։

Այսօր նման հանցագործություններից ընդհանուր վնասը կազմում է 91-258 մլրդ դոլար։ 2014 թվականին այս հանցագործությունների ծավալը գնահատվել է 70-213 մլրդ դոլար։

Ներկայում դա հանցավոր գործունեության չորրորդ խոշոր ոլորտն է՝ թմրանյութերի մաքսանենգությունից, կեղծ արտադրանքի պատրաստումից և ստրկավաճառությունից հետո։

Հանցագործներն այդ ոլորտում մեծ եկամուտներ են ստանում, իսկ նման հանցագործությունները ի հայտ բերելը բավականին դժվար է։ Նման հանցագործությունների լայն տարածվածության պատճառը թույլ օրենքներն ու իրավապահ մարմինների վատ ֆինանսավորումն է, որոնք չեն կարողանում խոչընդոտել ապօրինաբար ստացված ռեսուրսների առևտրին։

Նման բիզնեսից եկամուտեր են ստանում հանցավոր խմբավորումները։ Հաճախ այդ գումարները կիրառվում են ահաբեկչության աջակցման համար՝ նախազգուշացնում են ՄԱԿ-ն ու Ինտերպոլը։