Թուրքիան կորցնում է Եվրոպայում իր միակ բարեկամին. Foreign Policy


00:08 , 4 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Վերջին մեկ տարում Թուրքիայի հարաբերությունները լավ չեն եղել գրեթե բոլոր երկրների կառավարությունների հետ, և Գերմանիայի Բունդեսթագի կողմից 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածները ցեղասպանություն ճանաչելը նշանակում է, որ Թուրքիայի և Գերմանիայի, որը  «Անկարայի գրեթե միակ բարեկամն է Եվրոպայում» դիրքորոշումները հեռանում են: Նման վերլուծություն է հրապարակել  Foreign Policy ամերիկյան պարբերականը:

«Էրդողանը, ով ներկա պահին այցով գտնվում է Քենիայում, հայտարարել է, որ գերմանացիների կողմից ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը «լուրջ ազդեցություն կթողնի կունենա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների վրա»: Իսկ ԱԳ նախարար Մեվլութ Չավուշողլուն թվիթերյան իր միկրոբլոգում  գրառում է կատարել` ակնարկելով գերմանական նացիզմի մասին», - գրում է ամերիկյան պարբերականը:


Հոդվածի հեղինակը ընդգծում է, որ  գերմանացի պատգամավորների որոշումն ընդունվել է հատկապես դժվարին պահի, երբ Եվրամիությունը փորձում է աջակցել առանց այդ էլ կասկածելի  ծրագրին, որի համաձայն` Թուրքիան պետք է հավելյալ փախստականների ընդունի` ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:


«Անկարան հույս ուներ, որ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը նախադրյալ կհանդիսանար ԵՄ անդամ դառնալու համար: Բայց այն, որ Անկարան ետ է կանչում իր դեսպանին Գերմանիայից, մի երկրից, որը  գլխավոր առևտրային գործընկերն է և փախստականների մասին ծրագրի նախաձեռնողը, ըստ երևույթին, ամենահաջող քայլը չէ», - ընդգծում է հոդվածագիրը:


Միջազգային և ռազմավարական հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի վերլուծաբան Բյուլենթ Ալիրիզան պարբերականին հայտնել է, որ այժմ  բարդ է կանխատեսել Թուրքիայի  արձագանքը գերմանացի պատգամավորների կայացրած որոշմանը:  Ըստ վերլուծաբանի` դեռ  պարզ չէ, թե արդյոք Էրդողանը բախման կգնա Բեռլինի հետ, թե՝ ոչ: