Օրը հստակեցված է. հունիսի 5-ին Սամվել Բաբայանը կմեկնի Արցախ. Հայկ Խանումյան


22:49 , 3 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Կիրակի օրը՝ հունիսի 5-ին ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեկնելու է Արցախ: Հիշեցնենք, որ իր վերադարձից հետո Բաբայանը հայտարարեց, որ իր առաքելությունը հենց Արցախում է տեսնում: Tert.am-ն այս առթիվ զրուցեց Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, որը համարվում է Բաբայանի կողմնակիցը:

- Սամվել Բաբայանի այցի հետ կապված արդեն իսկ պայմանավորվածություններ կա՞ն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա Բակո Սահակյանի հետ հանդիպի կամ ԼՂՀ պաշտպանության նախարարի:


- Բոլոր պայմանավորվածությունները, ծրագրերը ձևավորվելու են իր գալուց հետո: Սպասում ենք՝ գա, որից հետո տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչպես ենք պայմանավորվում: Բնականաբար, պիտի գնա իր հայրենի գյուղ՝  Մսմնա: Տարբեր ծրագրեր կան, ուղղակի իր գալուց հետո նոր կորոշվի:


- Կարծում եք՝ Բաբայանին Ղարաբաղում սպասո՞ւմ են, սպասող կա՞:


- Կարծում եմ՝ այո, որովհետև բավականաչափ մարդիկ են զանգահարում և հարցնում են, արձագանքում են, և պետք է նշեմ, որ ապրիլյան օրերին ամենաշատը տրվող անունը հենց իր անունն էր:


- Որպես ղարաբաղցի պատգամավոր, Դուք ի՞նչ եք կարծում, ո՞րն է Բաբայանի առաքելությունը: Ձեր կարծիքով՝ նա ի՞նչ պիտի անի առաջին հերթին:


- Իմ կարծիքով՝ նախևառաջ պետք է լսվեն Սամվել Բաբայանի խորհուրդները պաշտպանության, անվտանգության ոլորտում: Մարդը հստակ, կոնկրետ առաջարկներ ունի, և այդ առաջարկները պետք է լսվեն և գործի դրվեն: Այդ առաջարկները դեռևս 2013-ին են ներկայացվել ՀՀ իշխանություններին և անտեսվել են, ինչը նաև ապրիլյան ողբերգական իրադարձությունների պատճառ է հանդիսացել:


- Պաշտպանության նախարարությունը, սակայն, արդեն իսկ ասաց, որ Սամվել Բաբայանի առաջարկները հնացած են:
 
-  Բաբայանն իր հարցազրույցում ասել է, որ ովքեր առարկություններ ունեն, պատրաստ է, թե՛ ուղիղ եթերում, թե՛ որևէ ստուդիայում, թե՛ փակ դռների ետևում այդ ամենը քննարկել:

- Իշխանության ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ Բաբայանի համար թափուր հաստիք չկա: Եթե որևէ պաշտոն չունենա, ի՞նչ է կարողանալու փոխել Արցախում, ինչպե՞ս է իր ծրագրերն իրականացնելու:

- Թափուր պաշտոնների լինել-չլինելը այդ հայտարարողները չեն որոշելու: Կարող է հենց իրենց տեղն էլ թափուր դառնա մի հրամանագրով կամ չգիտեմ ինչով: Մարդիկ, ովքեր քաղաքական որոշում կայացնողներ չեն , ավելի լավ է՝ նման հայտարարություններ չանեն:

- Իսկ հնարավո՞ր է Սամվել Բաբայանը անդամագրվի Ձեր կուսակցությանը կամ համագործակցի Ձեզ հետ:

- Ինքը հայտարարել է, որ որևէ կուսակցության չի անդամակցելու: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ընտրությունների ժամանակ ինքը իր կողմնակիցներին կոչ էր արել մեզ ձայն տալ, և իր շատ կողմնակիցներ մեզ սատարել են:

- Իսկ հիմա Դուք ի՞նչ եք անելու իր համար:

- Առանձնապես ոչինչ: Գնալու ենք դիմավորենք:

- Պարոն Խանումյան, տեղեկություն շրջանառվեց, որ Սամվել Բաբայանի պարտքերը որոշակիորեն իշխանությունն է փակել, որ նա կարողացել է վերադառնալ Հայաստան:

- Ես տեղյակ չեմ պարտքերից, բայց կարծում եմ՝ դրանք հեքիաթներ են, որոնք տարածվում են հայաստանյան մամուլում: Երբեք այդ թեմայով իր հետ չեմ խոսել:
Մարինե Խառատյան