10:32 , 20 մարտ, 2012
Կա հարցերի շարան, որոնք ինձ հաճախ տալիս են Նիդեռլանդներում և Գերմանիայում հանդիպածս մարդիկ: Կա նաև մշակված, պատրաստի պատասխանների շարան, որոնք արտաբերում եմ ծանոթ հարցը լսելուն պես, առանց ինքս ինձ հաշիվ տալու, թե որքանով են դրանք ճշմարիտ: Օրինակ, երբ հարցնում են` ինչու՞ կլինիկական լեզվաբանություն, չէ՞ որ դու բժիշկ ես, տալիս եմ մոտավորապես այսպիսի պատասխան. «Հոգեբույժի մասնագիտությամբ ինձ ապահով չէի զգում: Դրա համար ուզում էի լրացուցիչ մասնագիտություն ունենալ»: Հետո բացատրում էի, որ Հայաստանում հոգեբույժները հիմնականում շատ ցածր աշխատավարձ են ստանում, ու եթե հիվանդի կամ ապօրինի եկամուտների հույսին չմնան, ուղղակի չեն կարողանա ապրել: Իսկ դա իմ սկզբունքներին դեմ է, և այլն, և այլն:
Վերջերս սկսել եմ բոլոր նմանատիպ հարցերն ինքս ինձ տալ ու փնտրել անկեղծ, ոչ թե սարքովի, պատրաստի պատասխաններ: Առաջին կարևոր հարցն է` ինչու՞ Հայաստանից գնացի: Պատասխանը գտնելու համար մտովի հետ գնացի դեպի էն ժամանակները, երբ որոշում կայացրի:
Արտասահմանում սովորելու մտքեր միշտ էլ ունեցել եմ, բայց որովհետև ԵՊԲՀ-ն կարողանում էր գոնե զբաղվածությանս հարցը լուծել, որովհետև հավես ու ժամանակ չունեի էդ հարցով լրջորեն զբաղվելու, էդպես էլ ականջի հետև էի գցում մինչև էն պահը, երբ անսպասելիորեն ավելի շատ ժամանակ ունեցա, հետևաբար հաջողացրի ոչ միայն վերջնական որոշում կայացնել, այլև քայլեր ձեռնարկել նպատակիս հասնելու համար: Պատճառը կլինիկական օրդինատուրան էր, որը հեռու էր իմ սպասելիքներից, ու մեծ հիասթափություն էր առաջացրել: Իհարկե, ժամանակի ընթացքում հարմարվեցի, բայց որոշումս ավելի շուտ էի կայացրել, ու մնացածն արդեն իներցիայով էր առաջ գնում:
Իսկ ինչու՞ հենց կլինիկական լեզվաբանություն: Բժիշկ աշխատելու համար պետք է տվյալ երկրում տվյալ երկրի պետական լեզվով լիցենզավորման քննություն հանձնել: Դա մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում, իսկ ես պատրաստ չէի դրան, որովհետև վերջնականապես վստահ չէի, թե որ երկրում եմ ուզում կյանքիս մնացած մասն անցկացնել: Դրա համար ընտրեցի ավելի հեշտ տարբերակ. մագիստրատուրայում սովորել, որը հետո PhD-ի դռները կբացի ու որևէ երկրում մնալու պարտավորվածություն չի առաջացնի: Ժամանակի ընթացքում էլ կորոշեմ` էդ երկիրն ինձ դու՞ր է գալիս, կուզե՞մ էնտեղ բժիշկ աշխատել, թե ոչ: Էդպես սկսեցի դիմել զանազան եվրոպական համալսարանների զանազան մագիստրոսական ծրագրերի, որոնք իրենք իրենցով բժշկություն չէին, բայց սերտորեն կապված էին: Ու քանի որ կլինիկական լեզվաբանությունն ինձ ընդունեց, կրթաթոշակն էլ հետն առաջարկեց, էլ չշարունակեցի. այլ համալսարանների համար ֆինանսավորում գտնելը մի առանձին գլխացավանք էր:
Հիմա, երբ պատասխանել եմ երկու գլխավոր հարցերին, ուզում եմ անդրադառնալ նաև բազմաթիվ այլ մանր-մունր թվացող պատճառների, որոնք ինձ ստիպեցին գնալ Հայաստանից:
Առաջին հերթին ուզում էի այնպիսի կրթություն ստանալ, որը Հայաստանն ինձ ի վիճակի չէր տալու: Հետո ուզում էի ինքնուրույն լինել: Հայաստանում իմ խղճուկ կրթաթոշակով կամ հետագայում հոգեբույժի խղճուկ աշխատավարձով մի տեսակ չէի պատկերացնում, թե քանի տարեկանից սկսած էլ մամայից փող չէի ուզելու: Ճիշտ է` վերջին ժամանակներում թարգմանություններով գումար էի վաստակում, բայց մի զավեշտ էլ դա էր: Ուրեմն պիտի ութ տարի բժշկականում քրտինք թափեի, որ թարգմանություններո՞վ գլուխս պահեի: Հետո նաև առանձին ապրելու հարցն էր: Գալիս է մի տարիք, երբ ընտանիքդ ինչքան էլ սիրես, ուզում ես առանձնանալ: Նորից Հայաստանն այդ հնարավորությունը չի տալիս, հատկապես երբ ընտանիքդ ապրում է ոչ թե Սյունիքի մարզում, այլ մայրաքաղաքի կենտրոնում: Անկեղծ ասած, հենց այս վերջին կետի պատճառով որոշել էի արտասահմանի չստացվելու դեպքում մարզ մեկնեի աշխատելու (համ էլ Հայաստանի համար մի լավ բան արած կլինեի):
Վերջում գալիս է երրորդ հարցը` վերադառնալու՞ եմ արդյոք Հայաստան: Քանի որ որոշել եմ ինքս ինձ հետ հնարավորինս անկեղծ լինել, ապա պիտի պատասխանեմ, որ հաջորդ քայլս PhD-ի դիմելն է լինելու (ոչ մի դեպքում Հայաստանում), ոչ մի ուրիշ տեսակի աշխատանքի: Ստացվելու դեպքում ևս չորս տարի չեմ վերադառնա: Հետո` չգիտեմ: