02:48 , 3 հունիս, 2016
Tert.am–ը գրում է.
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը շատ թույլ փաստաթուղթ է, որտեղ կան սխալ ձևակերպումներ և որտեղ «Ցեղասպանություն» բառը հիշատակվում է միայն վերնագրում և տեքստի այն հատվածում, որտեղ խոսք կա այլ ցեղասպանությունների մասին և ոչ թե առանձին Հայոց ցեղասպանություն անունով:
Ըստ նրա՝ նման բովանդակությամբ, ձևակերպումներով բանաձև սպասելի էր, որ կընդունվի:
«Իրականում պետք է հասկանալ, որ լավ է, որ ինչ-որ բան ընդունվել է, բայց նախագիծը, կարելի է ասել, անարդարություններ պարունակող նախագիծ էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:
Հայկ Մարտիրոսյանը մեզ համար ցանկալի ձևակերպումներով բանաձևի ընդունումը հնարավոր չհամարեց, որովհետև Գերմանիայում կա հսկայական թուրք բնակչություն և այդ ձևակերպումները կարող են նյարդայնացնել իրենց, ինչն ըստ քաղաքագետի՝ հավերժական արգելք է, որպեսզի Գերմանիան կարողանա արդար, ուժեղ բովանդակությամբ նախագիծ ընդունել:
Քաղաքագետն ասաց, որ թեև բանաձևի ընդունումը զրո կետից տեղաշարժ է, բայց չգիտի, արդյո՞ք նման առաջընթացով պետք է ուրախանալ կամ ընդհանրապես համարել դա առաջընթաց՝ հաշվի առնելով, որ բանաձևում պատասխանատվություն չի դրվում Թուրքիայի վրա, կոչ չի արվում, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, և առանցքային հարցերը սխալ են ներկայացված կամ ընդհանրապես ներկայացված չեն:
Ինչ վերաբերում է թուրք-գերմանական հարաբերություններին այս բանաձևի
անդրադարձին, Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ կարծում է՝ դրանք չեն տուժի: «Որոշ ժամանակով ինչ-որ ձևեր կանի Թուրքիան, այսպես կոչված, պատժիչ, թեթև գործողություններ կձեռնարկի, և միայն այդքանը»,-ասաց նա և նշեց, որ թուրք-գերմանական հարաբերությունները չեն կարող տուժել, որովհետև Թուրքիան հեռահար նպատակներ ունի Գերմանիայի հարցում: