Բունդեսթագում ծածանվել է Հայաստանի դրոշը և շնորհակալական պաստառներ են հայտնվել (լուսանկարներ)


18:19 , 2 հունիս, 2016
Armenpress.am-ը գրում է.
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասինբանաձևի ընդունումից հետո նիստի դահլիճում գտնվող հայերը իրենց շնորհակալությունը հայտնող պաստառներ են բարձրացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բացի գրությունից` Բունդեսթագում ներկաները բարձրացրել են Հայաստանի դրոշը:
 
Բեռլինում հավաքված հայերը որոշման հրապարակումից հետո քոչարի են պարել` ծածանելով Հայաստանի Հանրապետության եռագույնը: Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, ովքեր թուրքերենով բղավել են. «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ամենի` բոլորս հայ ենք»:
 
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի ևոգեկոչման մասին» անվանումը:
 
Բանաձևն ընդունվել է ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: