Թուրքերն այլևս կարող են չվախենալ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. լեհ պատմաբան


18:12 , 2 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կաջակցի բոլոր թուրքերին, ովքեր հակառակվում են պաշտոնական Անկարայի տեսակետին, ճանաչում են եղելությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան: Վերջինս նշեց, որ ցանկացած պետական սուտ պետք է թողնել Եվրոպայի սահմաններից դուրս: 
 
- Որպես պատմաբան, ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ:
 
- Զարմանալ պետք չէ, սա նորմալ գործընթաց է: Հանցագործությունը, որը տեղի է ունեցել 1915թ.-ին, այլ բնութագրում չունի, այլ անվանում չի կարող ունենալ, քան ցեղասպանությունը: Հենց գերմանացիների համար է կարևոր կենտրոնացնել դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետև այս տարիներին Գերմանիան եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը: Գերմանիան ընդունել է նաև Հոլոքոսը և չէր կարող չընդունել Հայոց ցեղասպանությունը: Ես ուրախ եմ, որ Գերմանիան ընդգրկվեց պետությունների շարքում, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, դեմ առ դեմ են կանգնել պատմությանը, չեն մերժել պատմական ճշմարտությունը:
 
- Ի՞նչ եք կարծում՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականության վրա այս բանաձևը որևէ կերպ կազդի: Ի՞նչ պետք է լինի, որ Թուրքիան երբևէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
 
- Որքանով ես գիտեմ, Թուրքիայում այս հարցում մեծ ճաք կա: Կան մարդիկ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է ընդունել եղելությունը, որ այս խնդիրը չձգվի, սա առաջին հերթին Թուրքիայի համար է պետք: Բայց ընդունել Հայոց ցեղասպանությունը, ըստ թուրքական պաշտոնական դիրքորոշման, հանցագործություն է, իսկ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևը կաջակցի բոլոր նրանց, ովքեր հակառակվում են պաշտոնական Անկարայի տեսակետին: Այն թուրքերը, որոնք ճշմարտությանը չեն հակադրվում, իրենք չեն վախենա, սա կօգնի իրենց, իրենք կընդդիմանան պաշտոնական ստին: Իրականությունն  է պետք ընդունել ու ազատվել բոլոր խնդիրներից:
 
-  Գերմանա-թուրքական հարաբերությունները կվատթարանա՞ն: Թուրքիան արդեն հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:
 
- Չեմ կարծում, որ վատթարանան: Սա պարզապես առաջին արձագանքն էր: Թուրքիան չի կարող մեծ դեմարշի գնալ, որովհետև Գերմանիայում կա թուրքական մեծ համայնք: Պարզապես թուրքերին կտրվի նյութ, առիթ, ևս մեկ անգամ էլ դեմ առ դեմ կանգնել պատմության հետ: Հատկապես Գերմանիայում բնակվող թուրքերը ստիպված են առերեսվել սրան, որովհետև թեման քննարկվում է, ու գուցե նրանք սկսեն այլևս չվախենալ արտահայտել իրենց կարծիքը: Ցանկացած պետական սուտ պետք է թողնել Եվրոպայի սահմաններից դուրս: