«Եթե ոչ ես, ապա ո՞վ». Գևորգ Վարդանյանը թողեց Ռուսաստանում իր կրթությունն ու եկավ Արցախում ծառայելու


20:00 , 2 հունիս, 2016
Գյումրիում այցելեցինք զոհված շարքային զինծառայող Գևորգ Վարդանյանի ընտանիքին:
 
Գևորգը ծնվել է 1996 թվականին Գյումրիում, բայց 6 տարեկան հասակից  ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Ապրելով ու սովորելով ՌԴ-ում՝ նախընտրել է ծառայությունն անցնել հայրենիքում, և բանակ զորակոչվելու տարիքը լրանալուն պես, Գյումրի է վերադարձել: Սիրած արտահայտություն ուներ, ասում էր «եթե ոչ ես, ապա ո՞վ»:
Գևորգի հայրը պատմում է, որ անհանգստանում էր, թե այլ միջավայրում մեծացած իր որդին չի կարող հարմարվել հայաստանյան բանակային կյանքին և դժվարություններ կունենա: Բայց կարճ ժամանակ անց իմացել են , որ Գևորգը փայլուն է դրսևորում իրեն: Ծառայում էր Թալիշուի ուղղությամբ: Սկզբում, երբ հայերեն տառերը չի իմացել, խնդրել է զինվորական երդումն ու զինվորական կանոնադրությունն իր համար ռուսերեն տառերով գրեն, որ սովորի և ամեն ինչ ճիշտ անի և դիրքեր բարձրանա: Հետագայում սկսել է հայերեն գրել ու կարդալ սովորել:
Գևորգը մի քանի անգամ իր ընկերների հետ  ետ է մղել տարբեր դիվերսիաներ՝ արժանանալով  տարբեր խրախուսանքների:
2015 թվականի սեպտեմբերի 25-ին դիվերսիոն ներթափանցման ժամանակ ընկերներից մեկի կյանքը փրկելու համար խրախուսական արձակուրդի է արժանացել: 
Պարոն Գագիկը նաև հիշեց, որ ռուսական քոլեջում, որտեղ Գևորգն էր սովորում ուսանողներին հանձնարարել են որևէ խնդրի  շուրջ վերլուծություն գրել, Գևորգն ասել է.  «ես հայ եմ և ինձ համար կա մեկ խնդիր՝ Արցախի խնդիրը», և իր աշխատանքն այդ թեմայով է գրել ու ներկայացրել: Ռուսական դպրոցում չէր անցել  Հայոց պատմություն, բայց ամբողջ օրն համացանցում այդ մասին էր կարդում, ու ինչ էլ չէր գտնում ծնողներին էր հարցնում: 
Շատ մտերիմ է եղել իր դասակի տղաների հետ, բոլորի հանդեպ շատ ուշադիր է եղել: Նույնիսկ ապրիլի 1-ին, երբ ողջ ուժգնությամբ մարտեր էին ընթանում,  զանգել է հորեղբոր տղային և  տեղեկացրել, որ զոհվել է իր մարտական ընկերներից Վլադիմիր Մելքոնյանը, խնդրել է անպայման հոգեհանգստին այցելել:
Թեժ մարտերից հետո Գևորգին գտել են չեզոք գոտում՝ երկու սպաների հետ նահատակված: Ընկերները ընտանիքի անդամներին պատմել են, որ նա ոչնչից չի վախեցել, մեկ վայրկյան անգամ չի մտածել ետ նահանջելու մասին:
Գևորգի ծառայության ողջ ընթացքում ծնողներն Հայաստանում չեն եղել: Վերջին անգամ ապրիլի 3-ի երեկոյան են հետը խոսել: Հանգստացրել է ծնողներին և ասել. «Մամ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, քաղելով առաջ ենք գնում, սրանք ով են, որ գան մեր հողերին հասնեն: Այս կռիվը մեր քույրերի ու մայրերի համար է»:
Որդու զոհվելուց հետո ընտանիքը վերադարձել է Գյումրի և այլև չեն պատրաստվում երկրից մեկնել:
«Սա մեր հայրենիքն է, մեր հողը, որտեղ մեր որդիների արյունն է թափվել: Եթե մենք հետ չգանք, դա կնշանակի, որ իզուր էր այս կռիվը: Պետք է գանք ու հաստատվենք մեր երկրում:  Ծնողներն ուզում են, որ Գևորգի քույրը՝  իրենց միակ երեխան, Հայաստանում շարունակի իր կրթությունը: Օգնության հարցով դիմել են Պաշտպանության և Կրթության նախարարություններին, սակայն, դեռ պատասխան չեն ստացել:
Հ. Գ.  Գևորգի ընտանիքի անդամները բողոքում էին, որ իրենց որդու մահվան վկայականի մեջ սխալ օր  են նշել: Նրանք Գևորգի հետ խոսել են ապրիլի 3-ին ուշ երեկոյան, բայց մահվան վկայականի մեջ նշված է ապրիլի 2: Հոր խոսքերով իրենց որդին կռվել է, պայքարել ինչքան կարողացել է, և նույնիսկ այդ մեկ օրն էլ շատ կարևոր է, պետք չէ թղթաբանական մանր սխալների պատճառով զրոյացնել այդ կռիվը:
Թվում է, թե սա մանրուք է, բայց իրականում լուրջ խնդիր է: Ինչո՞ւ են օրեր ջնջում մարդկանց կենսագրությունից: Այդ օրերից յուրաքանչյուրն իր մեջ ողջ պատմություն է պարունակում: Մեր տղաները կռիվ են տվել, հարձակումներ հետ մղել, դիրքեր հետ գրավել: Մարդիկ իրենց կաբինետներում նստած խաչ են քաշում այդ ամենի վրա և իրենց նախընտրած օրն ավարտում  պատերազմի դաշտում զոհված զինվորի կյանքը: Նման փնթի ձևով չի կարելի աշխատել, հարգելի պատասխանատու մարմիններ:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի