Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. Deutsche welle-ի թուրքական ծառայության կանխատեսումը


11:40 , 2 հունիս, 2016

Գերմանիայի դաշնային խորհրդարանը 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն բնութագրող բանաձևն այսօր քվեարկության է դնելու։

Գերմանիայի իշխող կուսակցությունների ու ընդդիմադիր Կանաչների կուսակցության ներկայացրած բանաձևը, որը կրում է «1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության հիշատակումը» վերնագիրը, քվեարկության կդրվի ժամը 11։10-ին (Երևանի ժամանակով՝ 13։10-ին-Tert.am)։

Բանաձևի վերնագրից բացի՝ ևս երկու տեղ օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը։
Խորհրդարանական խմբակցությունների հայտարարությունները վկայում են, որ քվեարկության ընթացքում պատգամավորները կընդունեն այն։

Կանցլեր Անգելա Մերկելի օգնական Սիգմար Գաբրիելն ու արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն այլ ծրագիր ունենալու պատճառով, ենթադրաբար, քվեարկությանը ներկա չեն գտնվելու։

Բանաձևն ի՞նչ է ասում


Որոշման նախագծում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը 1915-1916 թվականներին հայերի դեմ կատարվածի հարցում դերակատարություն է ունեցել, և հանրությանը դա ներկայացնելու աշխատանքներին աջակցել է պետք, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու ազգերի միջև հաշտեցման գործընթացին պետք է օժանդակել։


Դրանում ընդգծվում է, որ այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ռազմական դաշնակից Գերմանիան, չնայած գերմանացի դիվանագետների ու միսիոներների տված տեղեկություններին՝ կազմակերպված աքսոր ու կոտորած իրականացնելու վերաբերյալ, չեն փորձել կանխել մարդկության դեմ իրականացվող այդ հանցագործությունը և «ամոթալի դերակատարություն» են ունեցել։


Թուրքիայի արձագանքն ի՞նչ է լինելու
 

Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից այս քվեարկությունը զուգադիպել է միգրացիոն համաձայնագրի բերումով զգայուն մի ժամանակաշրջանի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ «Մեզ նման մոտեցում ցուցաբերողը երկու երկրների միջև թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, բոլոր ոլորտներին կվնասի։ Կարծում եմ, որ այդ մասին կմտածեն»,-ասել էր նա։

Վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ քվեարկությունը «շատ անհեթեթ» էր որակել՝ նշելով, որ դրա ընդունման դեպքում Գերմանիայի հետ հարաբերություններն, անկասկած, կվնասվեն։

Հանգստացնող «մեսիջներ»՝ Գերմանիայից


Գերմանիայի քաղաքական շրջանակները, անցյալի օրինակներին նայելով, ենթադրում են, որ Թուրքիայից ծայրահեղ արձագանք չի գալու։ Վերջինը նման հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը՝ նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերություններում տևական բացասական ազդեցություն չեն ակնկալում։


Խորհրդարանում քվեարկությունից առաջ Գերմանիայի քաղաքականության մեջ տեղ են գտնում հայտարարություններ, որոնք փորձում են հանդարտեցնել Թուրքիայի հետ լարված հարաբերությունները։ «Քրիստոնե-դեմոկրատական միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ֆրանց Յոզեֆ Յունգն ասում է, որ «որևէ մեկին մեղադրյալի աթոռին նստեցնելու» նպատակ չունեն։ Նա հուսով է, որ Թուրքիայից չափազանց ծայրահեղ արձագանք չեն ստանալու։


Ավելի քան 20 պետություններ ճանաչել են Ցեղասպանությունը
 

Եվրոպայի խորհրդարանը 1987 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած տեղահանությունն ու կոտորածը որպես «ցեղասպանություն» է բնութագրել, ինչից հետ նման որոշումներ են կայացրել այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեդիան, Նիդեռլանդները, Բելգիան, Շվեյցարիան։


Վերջում Ցեղասպանությունը ճանաչել են Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրալիան։

Քրիստոնյա աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապն էլ անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանում մատուցված պատարագի ընթացքում հայերի հանդեպ տեղի ունեցածը բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։


Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն էլ անցյալ տարի օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։