00:25 , 31 հունվար, 2013
Ամենուր կարելի է լսել «երկիրը երկիր չի» արտահայտությունը, որ արդեն անտանելի է դարձել: Չգիտեմ ինչու մեր «հայրենասեր» ու «պատվասեր» քաղաքացիները իրենց բոլոր անհաջողությունները կապում են երկրի հետ: Թե ասա երկիրը ձեր նման «հայրենասեր» քաղաքացիների անհաջողությունների մեջ ի՞նչ մեղք ունի կամ էլ ի՞նչ գործ ունի: Զարհուրելի է անգամ մտածել, որ ոմանք օրերն են հաշվում ու երանի տալիս, թե երբ են հեռանալու երկրից:
Հաճախ են ասում, որ հեռանում են, քանզի երկրում օրենք չկա: Սիրելի համաքաղաքացիներ ջան, հասկացեք, որ ի վերջո մենք պիտի պայքարենք ու նոր միայն բողոքենք, իսկ դուք առանց պայքարելու բողոքում ու հեռանում եք…
Եկեք հիշենք, որ մենք բողոքելու տեղ չունենք: Պարզաբանեմ. ո՞ւր է հիմա Ասորեստանը, որի հետ մենք կիսում էինք առաջատար երկրի դերը, չկա, կործանվել է, իսկ նրա ժողովուրդը թափառում է աշխարհում, և մեր երկրում էլ ազգային փոքրամասնություն են:
Ո՞ւր է Հռոմը, ում համար մենք միշտ խնդիրներ էինք ստեղծում արևելքում ու չմոռանանք նաև, որ Հայաստանը 387թ. առաջին անգամ բաժանվեց Հռոմի ու Պարսկաստանի միջև, իսկ երկրորդ անգամ` 591թ., Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև, իսկ ո՞ւր է Բյուզանդիան` կործանվեց և այն էլ Օսմանյան տերության ջանքերով:
Ո՞ւր է Բաբելոնը, որի գեղեցկությամբ այդքան տարվել էր Ալ. Մակեդոնացին, նույնիսկ անհետացել են բաբելոնացիները:
Իսկ մենք… Մենք պատմության թատերաբեմից ընկել ենք, բայց չենք վերացել, ոտքի ենք ելել ու այսօր անկախ, ազատ պետություն ենք:
Եվ վերջում ավելացնեմ, որ ով ասում է «երկիրը երկիր չի», թող ականջին օղ անի՝ երկիրը երկիր է, քաղաքացին քաղաքացին չէ:
Արմավիրի համար 1 ավագ դպրոցի սան Լենա Աշոտի Զաքարյան, 16 տարեկան